18 09 2018

Վերաքննիչ դատարանի նախագահը համաձայն է Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ․ 1in.am

Վերաքննիչ դատարանի նախագահը համաձայն է Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ․ 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:

– Պարոն Ռշտունի, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, երբ դատավորը այլ գերատեսչության ղեկավարից ճշտում է  իր անելիքները։

– Եթե նման բան իրականում կա, ապա այդ փաստը շատ արատավոր է, և ես  երբևէ չեմ ողջունել ու չեմ կարող ողջունել նման վարքագիծը։

– Բայց միաժամանակ փաստ է, որ կան նման դատավորներ։ Ինչպե՞ս է հնարավոր համակարգը մաքրել կախյալ, հրահանգներ կատարող դատավորներից։

– Ես կարծում եմ, որ դատավորները հիմնականում ինքնուրույն են որոշում։ Բայց ես չգիտեմ կոնկրետ վիճակագրություն, կոնկրետ փաստերի չեմ տիրապետում, բայց որքանով որ տեղյակ եմ՝ այսօր դատական համակարգում ունենք շատ համարձակ, ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ դատավորներ, ովքեր որոշում են կայացնում առանց կաշկանդվելու, առանց այս կամ այն պետական մարմնի ներկայացուցչից կամ այլ պաշտոնյաներից հրահանգ ստանալու։ Իսկ ովքեր որ զանգում են՝ ճշտելու իրենց անելիքները, ապա ես այդ պրակտիկան արատավոր եմ համարում։ Կոնկրետ դեպքին էլ չեմ ուզում անդրադառնալ, քանի որ գուցե համապատասխան հանձնաժողովը քննության առարկա դարձնի այդ հարցը, և չեմ ուզւոմ կանխակալ կամ ուղղորդող կարծիք հայտնել։

– Պարոն Ռշտունի, Դուք կարծում եք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի գործով գործել է իր լիազորությունների շրջանակո՞ւմ։

– Ճանաչելով դատավոր Ազարյանին շատ լավ և շատ վաղուց՝ վստահաբար կարող եմ պնդել և ասել, որ Քոչարյանին ազատ արձակելու հարցում Քոչարյանի օգտին որևէ գործողություն կատարելու հարցում Ազարյանի նկատմամբ որևէ ճնշում, միջնորդություն չի եղել։ Ես դա հայտարարում եմ Ազարյանի և իմ անունից, կրկնում եմ՝ ճանաչելով նրան շատ լավ։

– Իսկ Ձեզ վրա ճնշման որևէ փորձ եղե՞լ է։ Ի վերջո՝ Դուք եք վերաքննիչ դատարանի նախագահը։

– Միանշանակ եմ ասում՝ իմ նկատմամբ որևէ ազդեցություն, ճնշման փորձ չի եղել Քոչարյանին ազատ արձակելու հարցում։ Ինչ վերաբերում է որոշմանը, ապա այդ որոշումը այսօր բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, և չեմ կարող կարծիք հայտնել դրա վեաբերյալ։

– Իսկ որպես իրավաբան՝ Դուք կարծում եք, որ Քոչարյանն ունի բացարձակ իմունիտետ և այդ հիմքով կարող էր ազա՞տ արձակվել։

– Որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն եմ։ Ընդ որում, ասեմ, որ մամուլով չի բացահայտվում տվյալ որոշման ամբողջ էությունը, և քանի որ չի բացահայտվել, ապա ես էլ չեմ ուզում բացահայտել դա, քանի որ հետո դրա հետ կապված հիմնավորումներ են հնչելու, քննարկումներ են սկսվելու։ Դրա համար երբ որ  բացահայտվի, այդ ժամանակ էլ թող հիմնավորումներ լիեն։ Ամեն դեպքում, դատավոր Ազարյանը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է իմունիտետից՝ կապված իր կարգավիճակից բխող գործողությունների հետ։ Հիմա վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։ Բոլորս էլ մարդ ենք և թե՛ կյանքում, թե՛ գործունեության մեջ կարող ենք սխալվել։ Բայց ես կարող եմ ասել, որ ես համաձայն եմ Ազարյանի դիրքորոշման հետ։ Նույնիսկ եթե վճռաբեկ դատարանը այլ դիրքորոշում հայտնի այդ մոտեցման հետ կապված, մենք կնայենք, կկարդանք։ Միգուցե համոզիչ լինի, միգուցե՝ ոչ։

Բնականաբար, որպես դատավոր մենք պարտավոր ենք ընդունել վերադաս դատական ատյանի որոշումը՝ որպես իրավաբան մնալով այլ կարծիքի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 1in.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ