12  09  2018

Պաշտոնյաները պետք է հրապարակեն իրենց զանգահարող դատավորների անունները. Փաստաբան. Tert.am

Պաշտոնյաները պետք է հրապարակեն իրենց զանգահարող դատավորների անունները. Փաստաբան. Tert.am

Փաստաբան Երվանդ Վարոսյանը սեպտեմբերի 11-ին  հրապարակված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցության հրապարակումից հետո գրառում էր արել այն մասին, որ պահանջում է հրապարակել գործադիր իշխանության ներկայացուցիչներին իրենց անելիքը ճշտելու համար զանգահարած բոլոր դատավորների անուններն ու պարզաբանել, թե նրանց լիազորությունները դադարեցնելու միջնորդություն ինչո՞ւ անհապաղ չի ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ: Այս հարցի շուրջ Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

-Պարո՛ն Վարոսյան, որքանո՞վ է իրատեսական, որ պաշտոնյաները հրապարակեն իրենց զանգահարած դատավորների անունները:

-Ինչո՞ւ իրատեսական չէ, քանի որ հնչել է կարծիք, որ զանգում են պաշտոնյաներին, իսկ մեկ զանգի մասին մենք բոլորս ականատես եղանք: Եթե կա նման երևույթ, կան զանգեր, դա նշանակում է, որ այդ զանգողներն արդեն դատավոր չեն, և մնում է իրավական ընթացակարգով ձևակերպել նրանց լիազորությունների դադարեցումը և ոչ միայն:

Այն պահից սկսած, երբ դատավորը զանգում է գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի և հարցնում, թե ինքն ինչ պետք է անի, այդ պահից սկսած իրեն դնում է կախման մեջ ոչ միայն օրենքից: Այդ պահից այդ մարդը դատավոր չէ, ինքը, ճիշտ է, հագնում է սև շորը, ունի աշխատակազմ, օգնական, քարտուղար, մուրճ ունի փայտյա, բայց ինքը դատավոր չէ: Սա  հանդուրժել անհնար է, եթե մենք խոսում ենք իրավական պետություն կառուցելու մասին: Ընդ որում, գործադիր իշխանության բոլոր այն անձինք, ում հասցեագրված են եղել զանգերը, իրենք էլ հենց պետք է նախաձեռնողը լինեն, դիմումը ԲԴԽ-ին հենց իրենք էլ պետք է հղեն: Այլապես ի՞նչ է ստացվում, իրա՞ր ենք խաբում, ցուցում չենք տալիս, լավ, բայց գիտենք, որ զանգողներ կան:

-Բայց, արդյո՞ք դա ձեռնտու չէ գործող իշխանությանը դատելով ձայնագրությունից,  այդ դեպքում ինչո՞ւ հրապարակել:

-Ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ, ես չեմ ցանկանում գնահատական տալ, բայց հետագա գործողությունները, մասնավորապես այդ դատավորների լիազորությունները  դադարեցնելու միջնորդություններ ներկայացնելը, որ ես ակնկալում եմ, որ պետք է  լինի, այդ գործողությունները ցույց կտան, թե իշխանությանը ձեռնտու է, որ դատավորներն իրենց զանգում են, թե ոչ:

-Այնուամենայնիվ, որքանո՞վ եք հավանական համարում, որ բարձրաստիճան  պաշտոնյան կդիմի ԲԴԽ և կհայտնի, որ իրեն զանգել են:

-Բա դա է մեր երազած երկիրը, դրա համար ենք միշտ պայքարում, մենք հո չէինք պայքարում, որ զանգը ոչ թե վերևից ներքև գնա, այլ ներքևից՝ վերև: Եթե մենք խոսում ենք իրավական երկրի մասին, իրավական երկրում միակ իրավական գործընթացը, որ կարող էր տեղի ունենալ, դա է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ