05 09 2018

Երկու հանգամանք, որոնց ուշադիր է Գևորգ Կոստանյանը

Երկու հանգամանք, որոնց ուշադիր է Գևորգ Կոստանյանը

Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ, ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի, նաև նախաքննության և օրինականության ինստիտուտի: Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՝ մեկնաբանելով «Մարտի 1»-ի հարցում իրավապահ մարմինների գործունեությունը:

Ինչ վերաբերում է բացահայտումներին, ապա նա նշեց, որ շատ լավ է, որովհետև դա անհրաժեշտ պրոցես է: «Յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը էլի դատարանն է տալու, և դա անկանխատեսելի է, այսինքն՝ չգիտենք՝ այդ դեպքի արդյունքն ինչ է լինելու՝ մեղադրական, թե արդարացման դատական ակտեր»,-ասաց նա:

Հարցին՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության անհրաժեշտությունը չի՞ տեսնում Կոստանյանը պատասխանեց. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի  վարույթը տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»,-ասաց նա:

Հարցին, թե Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատախազի բողոքարկմանը ինչպե՞ս է վերաբերում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ չգիտի ոչ դատախազի միջնորդագրի, ոչ էլ  դատարանի որոշման հիմքերը: Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն, կարծես, այդքան էլ հակված չէ արտահերթ ընտրություններին, և կառավարությունը փորձում է սահմանադրական փոփոխություններով Ազգային ժողովը տանել ինքնալուծարման Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ ՀՀԿ-ն ինչ դիրքորոշում է հայտնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում.

«Ինչ վերաբերվում է ինքնալուծարմանը, պետք է ասեմ, որ խորհրդարանն այսօր ունի առաջնային մանդատ՝ այսինքն՝ ընտրվում են ժողովրդի կողմից: Հետևաբար` խորհրդարանն ունի պաշտպանվածության որոշակի մակարդակներ՝ ըստ սահմանադրական իրավունքի: Պառլամենտները, որպես կանոն, գնում են ցրման անգործունակության պատճառով, երբ պառլամենտն ունակ չէ կատարել իր ֆունկցիաները »,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանը հրաժարվեց խորհրդարանն ինքնալուծարելու քաղաքական գնահատականները մեկնաբանել: Նա նշեց, որ իրավական հիմքերի կողմնակից է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ