03 09 2018

Վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին պատասխանելու հնարավորություն չունեմ․ Շանթ Հարությունյան

Վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին պատասխանելու հնարավորություն չունեմ․ Շանթ Հարությունյան

Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը խոսել է Շանթի հետ և նրան խնդրել՝ օգտվել պահման բաց ռեժիմից, սակայն նա չի համաձայնել։

Շանթ Հարությունյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանը:

«Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում: Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից:

Իհարկե, ես նրան կարողացա պատասխանել, քանի որ նրա խոսքը համընկել էր մեր դատական նիստերին հետ: Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես, իհարկե, ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց, քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն: 

Հ.Գ. 2008 թ մարտի մեկի գործով ես գտնվում էի ԿԳԲ-ի բանտում. դիմեցի բանտապետ Խլղաթյանին՝ խնդրելով ինձ թույլ տալ հանդիպում լրագրողների հետ՝ նշելով, որ օրենքը թույլ է տալիս: Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց, ասելով. - Շա՛նթ, ով-ով, դու լավ գիտես, որ դա անհնար է: Այս բանտը 1930թ-ից գոյություն ունի, ու այդպիսի բան երբեք չի եղել ու չի լինի, իսկ դա թույլատրող օրենքը ձևի համար է:

Հ.Գ.2 Նմանատիպ մերժում ստացել ենք ես ու Վարդան Վարդանյանը, երբ 2015 թվին դիմեցինք «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ լրագրողների հետ հանդիպելու հարցով»,- ասվում է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ