31 08 2018

Դատախազությունը հերքում է Միքայել Հարությունյանին հանձնելու միջնորդության լուրը

Դատախազությունը հերքում է Միքայել Հարությունյանին հանձնելու միջնորդության լուրը

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես ՌԴ իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված իրարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ հետևյալի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաև համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»,- նշել է Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել էր՝ ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ