23 08 2018

Քոչարյանի գործով չեմ տեսնում որևէ հենք անցումային շրջանի արդարադատության գործիքներ կիրառելու համար. Արամ Օրբելյան․168․am

Քոչարյանի գործով չեմ տեսնում որևէ հենք անցումային շրջանի արդարադատության գործիքներ կիրառելու համար. Արամ Օրբելյան․168․am

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախատեսում են վճռաբեկ բողոքը ներկայացնել մինչև այս ամսվա վերջ, երբ ավարտվում է բողոքի բերման 15-օրյա ժամկետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Հարցին, թե՝ ինչո՞ւ են պաշտպանները ցանկանում, որ դատարանն անպատճառ դիրքորոշում հայտնի ոչ միայն՝ անձեռնմխելիության հարցի, այլև՝ իրենց ներկայացրած մյուս հիմնավորումների վերաբերյալ, Ա. Օրբելյանը պատասխանեց, որ 2 կարևոր հարց կա.

«Փաստաբանական գործունեության մեջ, քանի որ ոչ մի բանում չես կարող վստահ լինել, նաև օրենքի ուժով չես կարող երաշխավորել, ապա, եթե ինչ-ինչ պատճառներով վճռաբեկ դատարանը անձեռնմխելիության հարցին այլ կերպ մոտենա, կամ վերաքննիչ դատարանը, մինչև կստանանք Եվրոպական դատարանի դիրքորոշումը, ինչ-որ ժամանակ է դա տևելու, կստացվի հետևյալ աբսուրդային վիճակը՝ վերաքննիչ դատարանի այդ հիմնավորումները բեկանելով՝ ինքը չի կարողանա ուղղակի ֆիզիկապես անդրադառնալ մնացած կետերին, որովհետև դրանք բողոքում չկան։ Այսինքն՝ ոչ թե խնդիրն այն է, որ վճռաբեկ դատարանը բողոքը բավարարի ու ասի՝ ճիշտ է, անձեռնմխելի է, բայց նաև այս ու այս հիմքը չկա, որովհետև այդ դեպքում մենք բողոք չէինք գրի ու անիմաստ չէինք ծանրաբեռնի դատական համակարգը, մեր խնդիրն ընդամենը նրանում է, որ, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով դատարանը որոշում ընդունեց, որ անձեռնմխելիության հետ կապված խնդիր կա, և որոշեց բեկանել, մնացած հարցերին ստիպված լինի անդրադառնալ, որովհետև միայն անձեռնմխելիության հարցը չի, որ բացառում է կալանքը»։

Անցումային արդարադատությունը, ըստ պաշտպանի, չի առնչվում Մարտի 1-ի, հետևաբար՝ Քոչարյանի գործին.«Քոչարյանի գործով ես չեմ տեսնում որևէ հենք անցումային շրջանի արդարադատության գործիքներ կիրառելու համար։ Այլ հարց է՝ ուրիշ գործերով, որովհետև մենք արդեն ամբողջ ծավալով գնում ենք սովորական արդարադատություն կամ նորմալ արդարադատության գործընթաց։ Այդ ֆոնի վրա ինչ-որ այլ գործիքի կիրառելը, կարծում եմ, տեղին չի, որովհետև անցումային շրջանի արդարադատության, եթե նայում ենք միջազգային փորձը, հիմնական պատճառն այն է լինում, որ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում նորմալ արդարադատություն կիրառել։ Խոսքը չի վերաբերում, որ դատարանը մերժում է կամ չի մերժում։

Հիմա եթե կառավարությունը կասի, որ դա ուզում են տարածել Մարտի 1-ի գործի վրա, ինձ համար մի քիչ հակասական կլինի, որովհետև մի կողմից՝ ասում են, թե բացահայտվել է, մի կողմից՝ նույն Քննչական կոմիտեն ասում է՝ ընդհանուր առմամբ բացահայտվել է, ապացույցների հավաքման գործընթաց ենք իրականացնում, կառավարության որևէ ներկայացուցչից չեմ լսել, որ Մարտի 1-ը չեն կարող բացահայտել, որովհետև ապացույց չկա, ժամանակ է անցել, ի դեպ, եթե նման բան լինի, գործը պետք է կարճվի, որովհետև ապօրինի հետապնդում կլինի։

Եվ եթե խոսում ենք անցումային շրջանի արդարադատությունից, իմ ընկալումն այն է, որ այս գործին չի վերաբերում։ Բայց մինչև հայեցակարգ կամ նախագիծ չլինի, շատ դժվարանում եմ քննարկել։ Հայեցակարգի մակարդակով արդեն կհասկանանք։ 

Ա.Օրբելյանը մտահոգություն հայտնեց կառավարությանն առնչվող մի շարք մասնագետների կողմից արտահայտած կարծիքների՝ իրար հակասելու կապակցությամբ. «Չէի ցանկանա ենթադրել, որ զուտ ինչ-որ հետաքրքիր բառ են օգտագործում, կամ լսել են՝ օգտագործում են։ Ամեն դեպքում կցանկանայի ենթադրել, որ կան մոտեցումներ, ընկալումներ, որոնք քննարկվում են շատ առարկայական, այլ ոչ թե աբստրակտ՝ ինչ-որ բան անենք տարբերակով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ