10  08  2018

Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. «Հետք»

Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. «Հետք»

Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին դատախազությունը տեղեկացրեց, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պարզվել էր, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր քրոջը կալանավորելու վերաբերյալ տեղեկություններին՝ գրելով. «Թեմայով հետաքրքրվող լրագրողներին ի գիտություն։

1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից:

 

Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել:Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ:

Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ: 

Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության: ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: Գյումրու բնակիչ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02, 010-59-06-54 հեռախոսահամարներով: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ