31 07 2018

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ տնօրենները 32 մլն դրամ են վերականգնել

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ տնօրենները 32 մլն դրամ են վերականգնել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արարատյան ավտոկայան» ՍՊ ընկերության ներկայիս և նախկին տնօրեններին՝ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու համար։

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել առերևույթ չարաշահումներ։

Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական քննության տվյալներով՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում ընկերությունն ունեցել է երկու տարբեր տնօրեն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ընկերության ներկայիս և նախկին տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Վերջիններիս կողմից, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, հուլիսի 30-ին ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել ևս 2մլն ՀՀ դրամ։ Այսպիսով՝ «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ տնօրենների կողմից վերականգնվել է ընդհանուր 32 մլն ՀՀ դրամ: Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ