23 07 2018

Հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցվել է մոտ 6 մլրդ 700 մլն դրամի վնաս

Հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցվել է մոտ 6 մլրդ 700 մլն դրամի վնաս

Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։

 Նիստի ընթացքում քննարկվել են առանձին հանցատեսակների և մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, դրա շրջանակում դատախազական հսկողության արդյունքները, այդ գործընթացում առաջացող խնդիրները, պետությանը պատճառված վնասների հայտնաբերման, վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 Այս համատեքստում, նկատի ունենալով, մասնավորապես, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում կոռուպցիոն շղթաների և սխեմաների բացահայտման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել հանրապետության ամբողջ տարածքում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից նախաձեռնողականությամբ էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական գործառույթներով օժտված տարածքային մարմինների աշխատանքները:

 Նշվել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ իրականացված բազմաոլորտ ուսումնասիրությունների՝ միայն այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում հրապարակված արդյունքներով բազմաթիվ օրինախատումներ, առերևույթ հանցակազմ պարունակող չարաշահումներ են բացահայտվել ընդերքօգտագործման և բնական պաշարների արդյունահանման և իրացման, տարբեր հարկատեսակներով հարկային պարտավորությունների կատարման, պետական գնումների գործընթացի, հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման, տավարաբուծության, շինարարական աշխատանքների պետական ծրագրերի իրականացման, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման և այլ ոլորտներում:

 Միայն հրապարակված այդ իրավախախտումների, առերևույթ հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցված՝ նախնական հաշվարկված վնասի չափը կազմում է մոտ 6 մլրդ 700 մլն դրամ:

 Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված՝ միայն նշված երկու ամսվա ընթացքում հրապարակված առերևույթ փաստերի առթիվ hարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարները խոշոր չափերով կատարելուց խուսափելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերվելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ (ևս մեկով նյութեր են նախապատրաստվում):

 Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ