12 07 2018

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվեց

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվեց

Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը կալանավորվել է: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ հուլիսի 11-ի գիշերը, ոստիկանության տարածած հաղորդագրությունից: Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու համար:

Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունը.

«2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։

Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։

 

 

 

Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաև, որ 2007թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած և դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղևոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղևոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ