11  07  2018

ԲԴԽ-ին չի հաջողվել դատարանի նախագահ ընտրել

ԲԴԽ-ին չի հաջողվել դատարանի նախագահ ընտրել

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում կայացել է հանդիպում-խորհրդակցություն Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նստավայրերի նպատակային սահմանման, տարբեր նստավայրերում դատավորների միջև գործերի բաշխման համակարգի բարեփոխման, գործերի վերաբաշխման չափորոշիչների հստակեցման, բարդության աստիճանից ելնելով՝ գործերի քննության չափորոշիչների ժամկետների սահմանման հետ կապված հարցերին:

Դատական դեպարտամենտը հայտնում է, որ դատավորները մտահոգություն են հայտնել արդարադատություն իրականացնելու ճանապարհին հանդիպած մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք հաճախ խոչընդոտում են դատարանի բնականոն գործունեության իրականացմանը և հրատապ լուծում են պահանջում, մասնավորապես, խոսքը վերաբերում է, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության սահմանմանը, դատավորին ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման կարգերին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նկատել է, որ բարձրաձայնված հարցերը Խորհրդում օրակարգային են և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու ուղղությամբ: Բարձրագույն դատական խորհրդի խնդիրն է՝ կարողանալ դատավորների հետ աշխատել գործակցաբար՝ երաշխավորելով դատական իշխանության անկախությունը՝ անկախ դատարանի և անկախ դատավորի միջոցով: Այս առումով Խորհրդի նախագահը ևս մեկ անգամ կոչ է արել դատավորներին իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նկատի ունենալ Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները, Վենետիկի հանձնաժողովի զեկույցը՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ, Դատական խորհուրդների եվրոպական միավորման՝ վերջերս ընդունված Լիսաբոնյան հռչակագիրը, ինչպես նաև ԲԴԽ ուղերձը, որոնք տեղադրված են դատական իշխանության պաշտոնական court.am կայքում:

Առանձնակի կարևորվել է ցանկացած տեսակի կոռուպցիոն դրսևորումների վերացման խնդիրը:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Մարգարյանը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցել է երկու փուլով: Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրել է ձայների հետևյալ բաշխվածությունը.

  • Սարգսյան Գագիկ - 5
  • Պողոսյան Թաթուլ - 1
  • Սահակյան Սերգեյ - 3
  • Հովհաննիսյան Գրիգոր - 1

Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Սարգսյանի և Սերգեյ Սահակյանի թեկնածությունները դրվել են լրացուցիչ քվեարկության: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • Սարգսյան Գագիկ - 8
  • Սահակյան Սերգեյ - 2

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Գագիկ Սարգսյանը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • Սարգսյան Հրաչիկ - 4
  • Մելքոնյան Հովհաննես - 2
  • Հովհաննիսյան Էդգար - 3
  • Բոլորին դեմ - 1

 Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվել է երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։ Արձանագրվել է հետևյալ արդյունքը.

  • Հովհաննիսյան Էդգար - 5
  • Սարգսյան Հրաչիկ - 4

Արդյունքում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում որևէ մեկը չի ընտրվել, ուստի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կկազմակերպվի նոր ընտրություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ