03  07  2018

Հովսեփ Բեդևյանը դատարանի նախագահ է ընտրվել լրացուցիչ քվեարկությամբ

Հովսեփ Բեդևյանը դատարանի նախագահ է ընտրվել լրացուցիչ քվեարկությամբ

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպել է վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը:

ԲԴԽ նախագահը համոզմունք է հայտնել, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններն են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին առաջարկել է դատավորներին առավել ակտիվ և նախաձեռնող լինել օրենքների նախագծերի քննարկումներում՝ տրամադրելով իրենց դիրքորոշումները:

Առանձնակի կարևորվել է կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումն արդարադատության ոլորտում:

Դատավորների բարձրացրած հարցերն առավելապես վերաբերել են դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Հովսեփ Բեդևյան 5
  2. Արա Բաբայան 3
  3. Աշոտ Սարգսյան 1
  4. Արման Թովմասյան 1

Լրացուցիչ քվեարկություն է կազմակերպվել երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև, և գրանցվել է հետևյալ արդյունքը.

  1. Հովսեփ Բեդևյան 9
  2. Արա Բաբայան 1

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ