27 06 2018

Մեր կրակոցներից մարդ չի մահացել. «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ

Մեր կրակոցներից մարդ չի մահացել. «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 27-ին շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Դատարանը շարունակում է ապացույցների հետազոտումը, որոնք վերաբերում են ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած խոսակցություններին:

Ապացույցների հետազոտման ընթացքում լսվեց Արայիկ Խանդոյանի և ևս մեկ անձի խոսակցություն, ում Խանդոյանը դիմում էր՝ մայոր:

Ըստ ձայնագրությունների՝ Խանդոյանն ասում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ չեն հնչել:

Մայոր. Արո, զենքերը դրեք, հանձնվեք, նորից եմ ասում՝ ոստիկանության ծառայողը հենց նոր զոհվեց ձեր կրակոցից:

Խանդոյան. Ախպեր ջան, մեր մոտից բացարձակ կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում, տենց բան մի ասեք: Եթե դուք արյան ծարավ եք, խնդիր չկա, բայց մենք արյան ծարավ չենք հաստատ, մեր ազգի արյան ծարավը չենք, բերեք պայմանավորվենք:

Մայոր. Արո, նորից եմ կրկնում, երկրորդ զինծառայողն է զոհվել ձեր կրակոցից կամ զենքերը վայր եք դնում, հանձնվում եք, կամ համարժեք պատասխան է լինելու:

Խանդոյան. Մայոր, խնդրում եմ տենց մի ասա, նման բան գոյություն չունի, մեր կրակոցներից մարդ չի մահացել, մենք մարդու վրա չենք կրակել: Մենք հայտարարել ենք՝ ոչ մի կրակոց, մի ժամ առաջ ասել ենք՝ պատերն էլ քանդեն, մինչև ներս չմտնեն, ոչ մի կրակոց բացարձակ չլինի, իսկ ձեր սնայպերները մեր վրա աշխատել են, ձեր սնայպերներին նայեք, որտեղից որն է խփել:

Այնուհետև Արայիկ Խանդոյանը հրահանգավորում է նաև Արեգ Կյուրեղյանին՝ ասելով, որ որևէ կրակոց հանկարծ չհնչի. «Արեգ ջան, կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում, կրակոց բացարձակ չլինի: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք, ախպեր ջան»:

Դատարանը շարունակում է ապացույցների հեռտազոտումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ