26  06  2018

Ուսումնասիրվում է դատարանների ծախսատարությունը

Ուսումնասիրվում է դատարանների ծախսատարությունը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: 

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ է ընտրել Աղասի Դարբինյանին:

Առավելագույն ձայներ ստացել են.

  1. Դարբինյան Աղասի - 6 կողմ
  2. Ղազարյան Արգիշտի - 3 կողմ
  3. Սոսյան Գևորգ - 1 կողմ  

Աշխատանքային հանդիպման ընթացքում կարևորվել է նաև դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է:

Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշել է խորհրդի նախագահը: 

Ուշադրություն է հրավիրվել նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ քաղաքացիների հետ շփումներում: 

«Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակել է Գագիկ Հարությունյանը: 

Քննարկմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ