21  05  2018

Բողոքի ցույց և միջնորդություն՝ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Բողոքի ցույց և միջնորդություն՝ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ազատության կողմնակիցները:

Նրանք պահանջում են, որ Սամվել Բաբայանի գործը վճռաբեկ դատարանն ընդունի վարույթ:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի:

Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սամվել Բաբայանի աջակից, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ միջնորդությունն ինքը կներկայացնի վճռաբեկ դատարան:

Լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել դադարեցնել բողոքի ակցիաները, Թևանյանը պատասխանեց. «Այս գործողությունները աջակցություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեր պահանջը վճռաբեկ դատարանից է, որը մեր կարծիքով ձգձգում է գործընթացը»:

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելու և այլնի համար:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը, պաշտպանն էլ դիմել է վճռաբեկ դատարան:

Մայիսի 21-ին վաղ առավոտից բողոքի ցույց է դատախազության դիմաց նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Ցուցարարները բռնել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գևորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարները:

Նրանք նաև պահանջում են նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

«Մեր նորանշանակ վարչապետը, երբ որ հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց նրան ենթակա գլխավոր դատախազը հայտարարում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ», - հիմնավորում են նրանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ