14  03  2018

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. ՀՀ գլխավոր դատախազություն

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են:

Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք: 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»:

 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի դիմումին օրերս անդրադարձել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ