01  03  2018

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով` 400.000 ՀՀ դրամ:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ