15  02  2018

6000 եվրո հատուցում. Կառավարությունը կփոխհատուցի հերթական վճռի համար

6000 եվրո հատուցում. Կառավարությունը կփոխհատուցի հերթական վճռի համար

ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում 6 հազար եվրո գումար դուրս գրեց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:

Գումարը կհատկացվի «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):

Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 14-ն է:

«Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2009 թվականին:

Մաթևոսյանն ազատազրկման է դատապարտվել բանակում համածառայակցին սպանելու մեղադրանքով:

1987 թվականին ծնված հայցվորը եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, երբ հայց է ներկայացրել դատարան: Հայցվորը զորակոչվել է հայկական բանակ և ծառայելիս է եղել Սյունիքի մարզում, երբ 2006 թվականի ապրիլի 29-ին զորամասի մոտակայքում գտնվող անտառում հայտնաբերվել է ծառայակցի՝ Ա. Հ.-ի մարմինը՝ ծառից կախված, ձեռքերը կապված մետաղալարով: Հայցվորը հարցաքննվել է Կապանում քրեական գործի առնչությամբ: Նույն օրը նա և մեկ այլ ծառայակից՝ Ռ. Հ.-ն, ենթարկվել են տասնօրյա կալանքի՝ Ա. Հ.-ին ծեծի ենթարկելու կապակցությամբ, այնուհետև տեղափոխվել են Երևան՝ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նույնպես հարցաքննվել են:

Հարցաքննության ժամանակ՝ 2006 թվականի մայիսի 7-ին, Ռ. Հ.-ն խոստովանել է, որ նա և հայցվորը սպանել են Ա. Հ.-ին: Մայիսի 20-ին հայցվորը մեղադրվել է զինվորական կարգապահական կանոնների լուրջ խախտման և սպանության համար: Հայցվորը վիճարկել է փաստերը և պնդել, որ իրականում Ռազմական ոստիկանությունում գտնվելու ամբողջ ընթացքում նա ենթարկվել է դաժան ծեծի և խոշտանգումների ոստիկանության աշխատակիցների կողմից, ծեծի է ենթարկվել նաև Ռ.Հ.-ն և մեկ այլ ծառայող, Ռ.Հ.-ն չկարողանալով դիմանալ ծեծին, խոստովանական ցուցմունք է տվել:

Մաթևոսյանը բողոք է ներկայացրել, սակայն մի քանի ոստիկանների հարցաքննությունից հետո քննչական մարմինը որոշել է ապացույցների բացակայության հիմքով քրեական գործ չհարուցել: Մաթևոսյանն էլ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ իշխանություններն արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ:

Դատարանը նշել է, որ իշխանությունները պարտավոր էին արդյունավետ հետաքննություն անցկացնել հայցվորի պնդումների առնչությամբ: Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 6 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ