14  02  2018

Քաղաքականից անցում իրավական կրքերի. Քաղաքապետարանի ծեծկրտուքը հասավ դատախազություն

Քաղաքականից անցում իրավական կրքերի. Քաղաքապետարանի ծեծկրտուքը հասավ դատախազություն

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:

Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստն ընդհատվեց ծեծկրտուքի պատճառով: «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները կոյուղաջուր էին փորձում հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ Նուբարաշեն համայնքում հենց այդպիսի վիճակ է քրեակատարողական հիմնարկի փչացած կոյուղու պատճառով: Այնինչ նրանց ծեծեցին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները:

Ավելի ուշ ավագանու ընդհատված նիստը վերսկսվեց շտապօգնության և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աշխատանքային օրվա ավարտին մի քանի երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ բռնության: Հայտարարություն տարածեց նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, թե «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հակասանիտարական վիճակ է ստեղծել քաղաքապետարանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ