11  01  2018

2 ոստիկանի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրանք է առաջադրվել



Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս. Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին:

Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ. Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։ Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ