19  12  2017

Արդարադատության ոլորտում սպասվում են փոփոխություններ

Արդարադատության ոլորտում սպասվում են փոփոխություններ

Կալանավորում խափանման միջոցը էականորեն կնվազի: Այս մասին դեկտեմբերի 19-ին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«Հետագայում պրոբացիայի ծառայությունը իրականացնելու է նաև տնային կալանք խափանման միջոցը, վարչական վերահսկողություն խափանման միջոցը, որոնք արդեն քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսված է:  Կալանավորման կիրառումը էականորեն կնվազի»,-ընդգծեց փոխնախարարը:

Արթուր Հովհաննսիյանը նաև նշեց, որ Երևանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն կունենա մեկ ընդհանուր իրավասության դատարան: Նրա խոսքով, նախագծերի փաթեթի նպատակը դատական համակարգի բեռնաթափումն է.

«Մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել անձի արդար դատական քննության իրավունքը կյանքի կոչելու ուղղությամբ: Դրա համար մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր դատական համակարգի բեռնաթափման ուղղությամբ: Այսօր Երևանում կան վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններ, որոնց ծանրաբեռնվածությունը խիստ տարաբնույթ է. մի վարչական շրջանում գերծանրաբեռնված են քրեական գործեր քննող դատավորները, որովհետեւ վարույթը իրականացնող մարմինները տեղակայված են այդ վարչական շրջանում, մյուս վարչական շրջանում քաղաքացիական գործերն են շատ»:

Փոխնախարարը նշեց, որ լինում են դեպքեր, որ մի դատարանի դատավոր տարեկան եռակի ավելի գործեր է քննում, քան մեկ այլ դատավոր: Ըստ նրա՝ դա նաև ձեռնտու է ֆինանսական տեսանկյունից, որովհետև արդեն կունենանք մեկ դատարանի նախագահ, այլ ոչ թե մի շարք վարչական շրջանների դատարանների նախագահներ, իսկ գործերը դատավորների միջև հավասարակշռված կբաշխվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ