27  11  2017

«Իգլա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին

«Իգլա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Նիստին ամբաստանյալները հանդես եկան պաշտպանական ճառով, այնուհետև՝ վերջին խոսքով։

Դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանն իր ճառում հակադարձեց մեղադրող դատախազի՝ մեղադրանքը հիմնավորող փաստարակներին՝ նշելով, որ այն ամբողջությամբ հիմնված է եղել ենթադրությունների վրա: Նրա խոսքով՝ մեղադրողն իր ճառում որևէ տեղ չի անդրադարձել այն հանգամանքին, որ գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլա»-ի խողովակը ձեռք բերելու մտքից: «Անտրամաբանական է` եթե ապրանք չկար, ինչի՞ դիմաց ես պետք է փող տայի»,- նշեց նա:

Բաբայանն այնուհետև անդրադարձավ փողերի լվացման պատմությանը՝ ասելով, որ դրանում ևս որևէ հանցակազմ չկա, որ ընդամենն իրեն պարտք եղած գումարն են ուղարկել:

«Առաջին իսկ րոպեից, երբ ինձ ձերբակալել են, ոչ մեկն ինձ չի հարցրել` որտեղից է այդ գումարը: Երբ հասկացել են, որ հրթիռի մեղադրանքը թույլ է, փողերի լվացումը քաշել-կապել են պոչին»,- ասաց ամբաստանյալը:

Այնուհետև Բաբայանն անդրադարձավ իր մասնագիտական գործունեությանը և որոշ փաստեր ներկայացրեց: «Ուղղակի կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի օրենքը տրորել, թքել պետության վրա: Եթե ուզում եք պետություն դառնալ, սրանով հարց չեք լուծելու: Բաբայանը մի տարի ավելի նստի, մի տարի պակաս՝, դուք հարց չեք լուծի»,- եզրափակելով խոսքը` ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, նույնպես հերքեց մեղադրանքը՝ ասելով, որ Սամվել Բաբայանը զենքի փոխադրման հետ որևէ առնչություն չի ունեցել, իսկ ինքը նպատակ է ունեցել զենք ձեռք բերել և նվիրել բանակին:

Ամբաստանյալների վերջին խոսքից հետո նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը գնաց խորհրդակցական սենյակ:

Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ