13  11  2017

Ի՞նչ եղանակներով են փորձել Հայաստան թմրանյութ անցկացնել



2017 թվականի ինն ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին»: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:

Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստանի Հանրապետություն են ներկրվել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 3 դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 1 դեպքում, Թուրքիայից և Նիդեռլանդներից 1-ական դեպքերում։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են «մետամֆետամին», «ափիոն» և «հերոին», ԱՄՆ-ից՝ «մետամֆետամին», Թուրքիայից՝ «մետամֆետամին» և «հերոին», Նիդեռլանդներից՝ «հերոին», և բոլոր դեպքերում թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ են ներկրվել մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով։

Վերը նշված 8 դեպքերից 2-ը Հայաստանից Կանադա մաքսանենգությամբ թմրամիջոցի արտահանման փորձ է, ընդ որում՝ նախատեսված է եղել նշված երկիր արտահանել շուրջ 8.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային առաքման միջոցով, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես տարանցիկ ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների այդ փորձերը նույնպես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կանխվել են:

Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրեական գործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։

Հայտնաբերված և առգրավված թմրամիջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել պատասխանատու պահպանման՝ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց հարցի լուծման վերաբերյալ դատական ակտերի կայացումը։

Նշված քրեական գործերով բացահայտված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հիմնական եղանակներն են՝ տրանսպորտային միջոցների, սարքավորումների հատուկ հարմարեցված թաքստոցներում, ճամպրուկների նախապես պատրաստված կրկնահատակներում, սննդամթերքի տարաներում կամ փաթեթներում թաքցնելը, ինչպես նաև թմրամիջոցները փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ուղարկելը և ստանալը:

Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կանխարգելելու, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը համագործակցում է ՀՀ իրավապահ մյուս մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու ծառայությունների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ