10  11  2017

Արջ, մուֆլոն և բեզոարյան այծ. «արգելված որսի» հերթական դեպքը

Արջ, մուֆլոն և բեզոարյան այծ. «արգելված որսի» հերթական դեպքը

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի սիրահար, արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների:

Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում:

Կայքը ներկայացնում է 2014թ.-ին նրա կողմից բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:

Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է նաեւ IUCN Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված» տեսակ: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցներում, «Արեւիկ» եւ «Սեւան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում եւ Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: Հայկական մուֆլոնը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաեւ ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով եւ ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում եւ «Արևիկ» ազգային պարկում: Որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վկայում են լուսանկարները:

Նշենք նաև, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցը որսով է զբաղվում նաև Եվրոպայում: Ինչպես հայտնի է, Եվրոպայում որսի թույլտվություն ստանալու կարգն ու դրա համար սահմանված վճարներն ահռելիորեն տարբերվում են ՀՀ չափորոշիչներից: Այսպիսի որսի մասնակից լինելն այնքան էլ փոքր հաճույք չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ