09  11  2017

Վարչական դատարանի քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ



Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստի մեկնարկին վարչապետ Կարեն կարապետյանը հանդես եկավ հանձնարարականով, որը վերաբերում էր վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտությանը:

«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը, ի տարբերության դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով։ Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում՝ կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։ Միաժամանակ՝ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ։ 2017 թվականի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018 թվականի հունվար ամսին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին»,- նշեց վարչապետը և հավելեց, որ վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից։

Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարեց արդարադատության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարներին, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ