30  10  2017

Առողջապահական վատ ծառայություններ, հիգիենիկ խնդիրներ, կոռուպցիա. Իրավիճակը ՔԿՀ-ներում՝ ըստ դիտորդների

Առողջապահական վատ ծառայություններ, հիգիենիկ խնդիրներ, կոռուպցիա. Իրավիճակը ՔԿՀ-ներում՝ ըստ դիտորդների

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն հոկտեմբերի 30-ին ներկայացրեց 2016 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվեցին 2017 թվականին արձանագրված խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ ՔԿՀ-ներում հիմնական խնդրահարույց ուղղությունը առողջապահական ծառայություններն են, և բարձրացված խնդիրների 48,3 տոկոսը վերաբերում է հենց դրան: Նա նշեց, որ ըստ այդմ կառավարությունը ճիշտ է թիրախավորել այս ուղղությունները և համարել արդիական ու գերակա ուղղություն:

Սուրեն Քրմոյանն ասաց, որ ընդունվել է ՔԿՀ-ներում բժշկական ծառայության արդիականացման հայեցակարգ, որտեղ բաց և թափանցիկ ձևով ներկայացրել են խնդիրները, իրականացրել են վերապատրաստման աշխատանքներ, բոլոր 11 ՔԿՀ-ները հագեցվել են գերժամանակակից սարքավորումներով, և հիմա խոսվում է բժիշկների որոշումների կայացման անկախության մասին: Նա հայտնեց, որ հոգեբանական ծառայությունների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ տարվել են:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»–ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը նշեց, որ թեև նախարարության կողմից դրական քայլեր իրականացվել են, կան վերանորոգված խցեր, բայց չի կարող ասել, որ առկա է արմատական, գլոբալ փոփոխություն: «Արմատական փոփոխության խոչընդոտը հիմնականում քրեակատարողական հիմնարկի վարչության պետի նշանակումն է նախագահի կողմից և չենք կարողանում ձերբազատվել նման մենաշնորհային կառավարման գործընթացից»,- ասաց նա:

Քննարկմանը զեկուցող Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում պահման պայմանները, գերբնակեցման խնդիրը: Նա նշեց, որ կա նաև սանհանգույցների, ջրի  հասանելիության խնդիր և մասնավորեցրեց, որ ծորակները սանհանգույցների ներսում են, որը հիգիենիկ պայմանների տեսանկյունից խնդիր է: Նա նաև նշեց, որ սպիտակեղենն ապահովված չէ, կա գերբնակեցման հարց:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «քրեական օրենքներին» չենթարկվող կամ դրանք խախտած ազատազրկված անձանց պահում են առանձին խցերում: Այս մասին նույնպես նշված է զեկույցում:

Զեկույցում ասված է է, որ նշված խմբին են դասվում այն ազատազրկված անձինք, որոնք հրաժարվում են ենթարկվել «հանցագործ աշխարհի» կողմից ընդունված չգրված կանոններին («գողական օրենքներին») կամ խախտել են դրանք.

«Այդ խցերը կոչվում են «թռածների և արվամոլների» խցեր, իսկ այդ ազատազրկված անձանձ թե՛ ՔԿՀ-ների աշխատակիցների, թե՛ մյուս ազատազրկված անձանց կողմից տրվում են վիրավորական պիտակավորումներ և նրանք արժանանում են նվաստացնող վերաբերմունքի։ Մասնավորապես, նրանք ներգրավվում են մյուսների համար նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները»,- նշված է զեկույցում:

ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ զեկուցող Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց, որ համաձայն 2016 թվականի տվյալների՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ։ Այստեղ գների բարձարցումը նա հնարավոր համարեց, որ պայմանավորված լինի գների ընդհանուր բարձրացմամբ:

«Ըստ հարցման արդյունքների՝ հավելյալ տեսակցության համար անհրաժեշտ է լինում վճարել 5-10 հազար դրամ: 2013 թվականին բջջային հեռախոսը ՔԿՀ-ներ մտցնելու գինը հինգից տասը հազար դրամ էր, իսկ 2016 թ-ին դարձել է 30-50 հազար դրամ»,-ասաց նա:

Արդարադատության նախարարի տեղակալ  Սուրեն Քրմոյանը` արձագանքելով նշված կոռուպցիոն դրսևորումներին, ասաց, որ եթե ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը լուծենք, խնդիրը նվազագույնի կհասցվի: Քրմոյանը նշեց, որ պետք է ժամանակի ընթացքում վերացվեն հանձնուքները և հնարավոր լինի փոխանցել միայն անձնական իրեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ