08  08  2017

Նոր գանգատ՝ եվրադատարանում

Նոր գանգատ՝ եվրադատարանում

Ուսուցչի բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները 2017 թ. հունիսի 19-ին գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն է, որով ամրագրվում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը:

Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, փորձելով սաստել առանց իր թույլտվության տեղից վեր կացած Մեսրոպին, որը մոտեցել էր կախիչին վերարկուն հագնելու նպատակով, վեր է կացել տեղից և սպառնալով մոտեցել կախիչին ու այն հրել աշակերտի ուղղությամբ: Նրա գործողությունների արդյունքում Մեսրոպ Խաչատրյանը կորցրել է ձախ աչքը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ․ ապրիլի 25-ի որոշմամբ Հասմիկ Մարգարյանը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու մեջ և տուգանվել 200.000 ՀՀ դրամով:

Հայցվոր կողմը նաև վնասի փոխհատուցման պահանջ էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր դատարանի կողմից: Մեկ ամիս անց վճիռը բողոքարկվել է, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թվականի հուլիսի 27-ին վնասի փոխհատուցման մասով գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանը ՄԻԵԴ ներկայացրած գանգատով հիմնավորումներ են ներկայացրել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման մասին: Նրանք անդրադարձել են այն հանգամանքին, որ ուսուցչի գործողությունների արդյունքում Մեսրոպը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել:

Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ