03 11 2023

Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից ներկայացրել եմ դիմում կալանավորման ապօրինության վերաբերյալ: Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ա.Աշոտյանին: Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով:

Միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Սակայն դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ: Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել: Ա.Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակույթյուն են և ծաղր իրավաբանության հանդեպ: Միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չեմ կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում եմ, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ