10  01  2017

Զինկոմիսարիատի պաշտոնյան զինգրքույկ տալու համար կաշառք է պահանջել. ՀՔԾ

Զինկոմիսարիատի պաշտոնյան զինգրքույկ տալու համար  կաշառք  է պահանջել. ՀՔԾ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և  խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված նոր քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրիի զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով Արտեմ Մ.-ն կալանավորվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է  ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների վարչության Գյումրիի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և ստացել:

Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  և 178-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ