19  12  2016

Թուրքիայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը. Իրադարձությունների ամբողջական պատկերը



Դեկտեմբերի 20-ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:

Զինված անձը ներխուժել է Անկարայում ժամանակակից արվեստի պատկերասրահի շենք, որտեղ այդ պահին անցկացվում էր «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը և կրակել ելույթ ունեցող դեսպանի վրա: Դեսպան Կառլովին սպանողը 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշն է: Նա, ըստ նախնական տեղեկատվության, շենք է մտել ցույց տալով ոստիկանական անցագիրը։ Նա եղել է սև կոստյումով, և ականատեսները նրան թիկնապահ են կարծել ։

Ականատեսների վկայությամբ՝ հրաձիգը նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել է դեսպանին։

 

Դեսպանի վրա կրակելուց հետո թուրք ոստիկանը բացականչել է. «Ալլահ Աքբար։ Հալեպը մի մոռացեք, Սիրան մի մոռացեք։ Մինչ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի։ Ինձ այստեղից միայն մահը կտանի։ Այդ բռնությունների մեջ ով որ փայ ունի, բոլորն էլ հատ-հատ հաշիվ են տալու»։

 

Ահաբեկչին հատուկ ջոկատայինները սպանել են, սակայն, ըստ թուրքական մամուլի, հարձակումից 45 րոպե անց: Լրատվամիջոցների փոխանցմամբ, վիրավորվել է ևս երկու մարդ:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչական գործողություն և հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

 

Կատարվածը մեծապես կարող է վնասել ռուս-թուրքական՝ առանց այն էլ ոչ լավ հարաբերություններին: 2015 թվականին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո վատացած ռուս-թուրքական հարաբերությունները դեռ լիովին չկարգավորված, թուրքիայում դիմում են հարաբերությունները փչացնող հաջորդ քայլին:

 

Վախենալով այս հնարավոր վատթարացումից, ամենաառաջինը ՌԴ զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա Պուտինին է փոխանցել դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մասին իր ունեցած ինֆորմացիան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Անկարայից Թուրքիայում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Երկու երկրների ղեկավարները Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։ ՌԴ նախագահը նաև հանձնարարել է թուրքական կողմից ստանալ Թուրքիայում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման երաշխիքներ։ Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են, որ Ռուսաստանը Թուրքիա կուղարկի քննչական խումբ՝ դեսպանի սպանության հետաքննության համար։

 «Կատարված հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որն ուղղված է ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Վլադիմիր Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ։ «Դրա պատասխանը կարող է միայն մեկ բան լինել՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Եվ ահաբեկիչները կզգան դա իրենց մաշկի վրա»,- հավելել է ՌԴ նախագահը։

«Մենք վստահ ենք, որ այդ բարբարոսությունը ծրագրած մարդկանց հիմնական նպատակն է եղել խաթարել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ մեծամասամբ Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտելու համար: Այդ նպատակը չի իրագործվի»,- «ՆՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ  Լավրովը:

Այնուհետև ելույթ ունենալով՝ Էրդողանը հայտարարել է, թե հարձակումը սադրանք է՝ փչացնելու համար ռուս-թուրքական հարաբերությունները: Ինչպես լինում է նման դեպքերում, Էրդողանը մեղադրել է Գյուլենական շարժմանը:

Մոսկվա է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Անկարայի քաղաքապետ Մելիխ Գոկչեկն էլ կատարվածը համարել է «Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները փչացնելու փորձ»։

Դեսպանին սպանած ոստիկան Մևլութ Մերթի մայրն ու քույրը ձերբակալվել են։ ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալվածների քանակը հասել է հինգի:

Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հայտնել է, թե վարչապետի աշխատակազմը որոշում է կայացրել սահմանափակել ՌԴ դեսպանի վրա հարձակման հետ կախված տեղեկատվություն տարածելը։ Արգելված է հրապարակել այլ աղբյուրից ստացած տեղեկատվության, ֆոտոյի կամ տեսանյութի հրապարակում, բացի պաշտոնականից:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակման փաստով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Ցնցված եմ հրեշավոր հանցագործությունից․․․ Ըստ միջազգային իրավունքի՝ դեսպանի սպանությունը ծանրագույն հանցագործություն է, որը դուրս է գալիս քաղաքակիրթ հարաբերությունների շրջանակից։ Ու Ռուսաստանը դա անպատիժ չի թողնի: Բոլոր նրանք,ովքեր առնչություն ունեն դրա կազմակերպման  հետ, պետք է պատասխան տան»,- Facebook-ում գրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

ՌԴ նախագահին ցավակցել, և կատարվածը դատապարտել են մի շարք երկրների ղեկավարներ:

Նրանց թվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին ու Թուրքիային հետաքննել մահափորձը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները լրջագույն ձևով դատապարտել են դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է ՌԴ դեսպանը:

ԱԽ անդամները շեշտել են այդ ահաբեկչությունը իրականացնողներին, կազմակերպողներին ու հովանավորողներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ