19 12 2018

Նիկոլ Փաշինյանի «աղմկոտ» լռությունը

Նիկոլ Փաշինյանի «աղմկոտ» լռությունը

Դեկտեմբերի 2-ին` նախընտրական քարոզչության բուռն շրջանում, մամուլում հրապարակում հայտվեց Գյումրիում կնոջ սպանության մասին: Դրան հետևեցին «102 ռազմաբազայի զինծառայո՞ղն է ծեծելով սպանել գյումրեցի կնոջը» վրենրագրերով նյութեր, բայց ամեն ինչ մնաց ըստ մամուլի ունեցած տեղեկությունների: Պաշտոնական որևէ հայտարարություն, հաղորդագրություն այդպես էլ չեղավ: Լուռ էին Գյումրիում, լուռ էին հասարակական կազմակերպությունները, իավապաշտպանները, լուռ էր Դատախազությունը, լուռ էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լռության օրերը խախտեց ՀՀ գլխավոր դատախազությունը` դեկտեմբերի 11-ին հայտնելով, որ ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, որը կասկածվում է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ:

Տեղի ունեցածը, իահրկե, նորից բոլորին հիշեցրեց 2015 թվականը, երբ Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից մի ամբողջ ընտանիք էր սպանվել: Այդ դեպքի հետ կապված մի քանի մեջբերումներ հիշատակենք:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյան (2016 թվական)

«Մենք մի ժողովուրդ ենք, որ ունենք Սաֆարովի նախադեպ և պետք է շատ ամուր երաշխիքներ ունենանք, որ ի բնե չենք կարող Սաֆարովի նախադեպ ունենալ: Ես չգիտեմ դատավարության այսպիսի ընթացքը մեզ այդ երաշխիքը տալիս է, թե ոչ: Այստեղ պետք է ՀՀ-ն, ՀՀ դատարանն ամեն ինչ անի իր քաղաքացիների շահերը պաշտպանելու համար»:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյան (2015 թվական)

« ՀՀ օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը ասում են, որ սահմանի խախտման փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավական մարմիններին: Հիմա Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Ինչո՞ւ ձեր առընթեր մարմինները ի վիճակի չեն եղել ապահովել օրենքի հստակ կատարումը»:

«Այն ժամանակ, երբ հայտարարվեց, թե գործը հանձնվել է հայկական կողմին, դա այլ կերպ էր հնչում: Բայց փաստորեն՝ թղթերն են հանձնվել մեզ, իսկ գործն ամբողջության մեջ է: Ինչպե՞ս կարող է ՀՀ դատարանը դատել մի մարդու, որն իր իշխանության ներքո չէ»:

Վերադառնալով օրեր առաջ կատարված դեպքին՝ նշենք, որ ռուս զինծառայողը գտնվում է ռազմաբազաայի տարածքում և դեռևս պարզ չէ` հանցագործության մեջ կասկածվող ռազմաբազայի զինծառայողը կհանձնվի՞ Հայաստանի իրավապահ մարմիններին, թե՝ ոչ: Տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ սկսել են կանխատեսումներ անել, հղումներ կատարել օրենքներին, պարզաբանումներ պահանջել դատախազությունից և Կառավարությունից: Իսկ կառավարությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, շարունակում է լռել:

Այստեղ ևս մեկ մեջբերում անենք նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանից.

«Ունեն փաստաբանական և պրոֆեսիոնալ թիմ: Ես համոզված եմ՝ նրանք հնարավորինս ամեն ինչ կանեն այս հարցերին պատասխան ստանալու համար: Ես հույս ունեմ, որ գյումրեցին նորից փողոց դուրս չի գա ապացուցելու, որ այս հարցում հետևողական են լինելու: Այստեղ հարցեր կան նաև հայկական իրավապահ համակարգին, որոնք վերաբերում թե՛ մինչև դեպքը և թե՛ Պերմյակովի ռուսական կողմի մոտ հայտնվելուն»:

Եվ իսկապես, այստեղ հարցեր կան և իրավական համակարգին և կառավարությանը, և այո, պետք է հուսալ, որ գյումրեցին նորից փողոց դուրս չի գա ապացուցելու, որ այս հարցում հետևողական են լինելու: Պարզապես մի փոքրիկ նրբություն կա, նախորդ դեպքում հարցեր բարձրացնողը ինքն էր, իսկ այս դեպում՝ դրանց հասցեատերը: Իսկ արդյունքում ի՞նչ, խորհրդավոր լռություն, որն այս դեպքում Նիկոլ Փաշինյանին բնորոշ աղմուկի պես աղմկոտ է:

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ