19 12 2018

Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, չնայած Փաշինյանին խոսք էր տվել․․․

Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, չնայած Փաշինյանին խոսք էր տվել․․․

Հայաստան-Ադրբեջան «հարաբերությունների» վերջին շրջանը տարօրինակություններով է դրսևորվում։ Հայտարարվում է օպերատիվ կապի մասին, որը, իբրև, սահմանային լարվածությունը թուլացրել է, բայց դրա հետ մեկտեղ սահմանային լարվածությունն աննախադեպ աճ է գրանցում։ Իհարկե, հրադադարի խախտումները քչացել են, բայց լարվածությունը միայն կրակոցով չէ։

Ադրբեջանն ուժեղացնում է պաշտպանությունը Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ, տեղակայում պրոֆեսիոնալների, նաև ինտենսիվորեն զինում է բանակը։ Ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից գրագետ ու կիրթ ձևակերպված Ալիևի հռետորաբանությունը։

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի փաստի, որն ի չիք է դարձնում օպերատիվ կապի մասին բարձր պատկերացումները։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ, 28․09․2018 – «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք: Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: 

Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում»: 

Դավիթ Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարար, 04.10.2018 – «Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև կարճատև հանդիպումից և պայմանավորվածությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են, իսկ այսօր գրանցվել է ամենացածր վիճակագրությունը»։ 

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ, 18․10․2018 – «Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա, ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնությունների արդյունք է»: 

Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ, 08․11․2018թ․ - «Նախիջևանյան հատվածում հայկական կողմից շուրջ տասը հազար քառակուսի կմ ազատագրվել է»:

Հովիկ Կարապետյան, Սահմանամերձ Զանգակատուն գյուղի ղեկավար, 10․11․2018 – «Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ էին բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։ Գյուղացիները զգուշանում են մտնել արտեր։ Ամռանը կրակոցներից հրդեհներ էին բռնկվել  գարու ցանքատարածություններում եւ արոտավայրերում»։

Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարար, 12․11․2018 - «Դա եղել է միջդիրքային տարածություն, որը, այո, կրճատվել է, ընդ որում` Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել»։ 

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, 05․12․2018 – «Ես մի 10 օր առաջ այցելել եմ, տեղում եմ տեսել իրավիճակը: Եվ կարող եմ ասել, որ Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»։ 

Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ, 17․12․ 2018 - «Սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ կա ադրբեջանական բանակի տրամադրության տակ, կարող է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք և օբյեկտ։ Այսօր մեր ունեցած տեխնիկան և սպառազինությունը մեզ թույլ են տալիս բարձր աստիճանի ճշգրտությամբ և ավերիչ մեծ ուժով ոչնչացնել օկուպանտների ցանկացած ռազմական թիրախ։ Մեր ունեցած հզոր ռազմական պոտենցիալը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական գործոնը։ Կարող եմ ասել, որ բանակի հաջողված գործողության արդյունքում մեր լիակատար վերահսկողության տակ է անցել Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի 11 հազար հեկտար տարածք։ Ռազմական բարձունքների տիրապետումը մեզ թույլ է տալիս լիովին վերահսկել Հայաստանի տարածքում ռազմավարական ճանապարհներն ու կոմունիկացիաները»։

Նիկոլ Փաշինյանը խոսում է չկրակելու անհրաժեշտության մասին, քանի որ կրակոցները խաղաղ բանակցություններին խանգարում են, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է դիրքեր ազատագրելու, զենքով հարց լուծելու մասին։ Իսկ տեսակետը, թե՝ ադրբեջանցիներն առաջ են եկել չեզոք գոտու իրենց հատվածում, պարզապես աբսուրդ է, քանի որ քեզ մինչդիրքային չնչին տարածք է մնում։ Չեզոք գոտու իրենց հատված գոյություն չունի։

Այն, ինչ կատարվում է այժմ սահմանին, ծայրաստիճան վտանգավոր է, թեև պաշտոնակատար Փաշինյանը վտանգը կանխազգալու ու քայլեր ձեռնարկելու փոխարեն կանխատեսումները համարում է բայղուշություն, պատերազմի սպառնալիք ներսից և խոստանում ԱԱԾ-ի բաժին դարձնել խոսողներին։ Կարծում ենք՝ իշխանությունները, ի դեմս Պաշտպանության նախարարության, պետք է պաշտոնական, մանրամասն հանրությանը տեղեկատվություն ու բացատրություններ տրամադրեն, հանդես գան ասուլիսով, պարզաբանեն իրավիճակը։

 

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ