07  12  2018

Փոխվել ու նույնն է մնացել

Փոխվել ու նույնն է մնացել

Ցանկացած մակարդակի նախընտրական փուլ նախկինում անպայման մեկնարկում էր «ընտրությունների արդյունքները կեղծվելու են» քաղաքական ընդդիմությունների նախօրոք արված միահամուռ ու անվերապահ պնդումներով: Մեր երկրում առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը դեռ հայտնի չէր, բայց հեղափոխական իշխանությունը ամեն քայլափոխի ու առիթով, ընդդիմադիրի նույն համոզվածությամբ ու նույնքան վաղօրոք պնդում էր, թե լինելու են «ազատ, արդար ու թափանցիկ» ընտրություններ: 

Նախորդ տարիներին նախապես արվող հայտարարությունը քաղաքական ընդդիմության համար և՛ ընտրություններից հետո անսահման շահարկումների գերազանց հնարավորույուն էր ապահովում, և՛ միանգանայն կանխատեսելի ցածր արդյունքներն «արդարացնելու» հիանալի փրկօղակ էր դառնում: Թեև երեկվա ընդդիմադիր փոքրամասնության մի մասն այս օրերին դարձել է հեղափոխական իշխանություն և տրամագծորեն հակառակ իմաստն ունեցող հայտարարություն է անում, բայց նրա այս և այլ քայլերի նպատակը բոլորովին չի փոխվել։ 

Ընտրությունների ֆավորիտը համարվող հեղափոխական դերակատարների քաղաքական մակարդակը և հանրությանը ճանաչելի դառնալու անհրաժեշտությունն է կտրուկ փոխվել ու գրեթե անչափելի դարձել: Ժողովրդին այսօր առաջարկվող քաղաքական այլընտրանքն է անճանաչելիորեն փոխվել ու գրեթե վերացել: Իշխող քաղաքական ուժի քարոզչական մարտավարությունն ու ռազամավարությունն է շեշտակի փոխվել և հանրապետականի փաղաքուշ ու հաշվետու ելույթներին փոխարինել են փաշինյանական սպառնալիքը, հարկադրանքը, արգելանքը: Նույնիսկ նախկին հին ու բարի տարերային ընտրակաշառքի ձևն է անմնացորդ փոխվել և վերածվել շատ ավելի հաստատուն ու ծանրակշիռ համակարգի:

Չնայած այս և բազմաթիվ այլ միանգամայն տեսանելի, էական ու անհերքելի հեղափոխական փոփոխություններին, ցավալիորեն անփոփոխ են մնացել իշխանությանը ընտրական զանազան ծառայություններ մատուցողները, նաև նրանց ծառայությունների դիմաց տրամադրվող արտոնություններն ու մենաշնորհները: Թեև փոխվել է գլխավոր հասցեատերը, բայց չեն փոխվել հանձնարարված հասցեներով պահանջված գումարներն առաքողները ու ընտրությունների ցանկալի արդյունքն ապահովելու նպատակով նրանց տրված առաջադրանքները: Թեև աներևակայելի աստիճանի փոխվել է ընտրական ցուցակներում ընդգրկվածների կազմը, բայց չի փոխվել ցուցակ կազմելու մոտեցումը, իշխող անձի ու իշխանական կուսակցության նկատմամբ ցուցակագրվածների պաշտամունքային վերաբերմունքն ու ժամկետայնությունը:

Գուցե նաև Փաշինյանն է համոզվել, որ այսպիսի հեղափոխական փոփոխություններից հետո այսպես նույնը մնացած նախընտրական միջավայրում անհնարին են ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Գուցե վարչապետի ժպ-ն էլ է հավատացած, որ իր ներկայացրած ընտրացակով ու ռեյտինգայիններով ԱԺ-ում ցանկալի ներկայություն ապահովելու համար ընտրությունների արդյունքները չեն կարող չկեղծվել: Գուցե նա նաև գիտակցում է, որ անգամ հեղափոխական ոգով տոգորված ընտրողը մինչև քվեատուփին հասնելը, իր կամակատարներին տեսնելուց ու նրանց հետ շփվելուց հետո անխուսափելիորեն գիտակված է քվեարկելու: Գուցե հենց այս պատճառով է իր քարոզարշավը նա ավարտում մետրոյում ու դռնեդուռ քարոզելով:

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ