06 12 2018

Կոռուպցիան՝ Նոր Հայաստանում

Կոռուպցիան՝ Նոր Հայաստանում

«Մեր կառավարությունում կոռուպցիա չկա, դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Եթե նախադասությունը մեղմացնող բառով չհամեմանք, կարճ կոնկրետ կարող ենք ասել՝ միանշանակ կեղծ է։

Կոռուպցիա ասելով սովորաբար նորօրյա իշխանությունները նկատի են ունենում կաշառակերությունը։ Կաշառակերություն ոչ թե չկա, այլ՝ պակասել է։ Առնվազն երկու բացահայտում արդեն եղել է կաշառակերության մասով․ գումամրը ձեռքին բռնել են, ուրեմն՝ կա, թեև Նիկոլ Փաշինյանը դա համարեց նախորդ իշխանությունից իներցիայով փոխանցված բան։

Կաշառակերությունը և կաշառատվությունը Հայաստանում չի վերացել ու երբեք չի վերանա։ Այլ հարց է՝ կբացահայտվի՞, թե ոչ։ Ինչո՞ւ չի վերանա․ սովորաբար բացահայտվում են կաշառքի այն դեպքերը, որոնք կողմերից մեկին ձեռնտու չեն, եղել են ճնշման արդյունքում, ստիպողաբար է կաշառքն առաջարկվել, այն էլ՝ օրինական բան անելու համար։ Կաշառքի այն դեպքերը, որոնք կատարվում են երկկողմ համաձայնությամբ, հիմնականում չեն բացահայտվել, չեն բացահայտվում ու հիմնականում չեն էլ բացահայտվի։ Եվ պատահական չէ, որ կաշառքի դեպքերից միայն ընտրակաշառքն է բացահայտվում։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն մյուս դրսևորումներին, ոչ միայն չի վերացել, այլև շարունակվում է ավելի արագ։

Մենք բողոքում էինք մշտապես, որ նախորդ իշխանության ծանոթ-բաևրեկամ-հարազատները լցված էին կառավարության տարբեր օղակներում։ Նիկոլ Փաշինյանը թե պաշտոնը ստանձնելիս, թե դրանից հետո հայտարարեց, որ այլևս վերջ են տվել այդ արատավոր ձևին։ Բայց նա ազնիվ չէ։

Նույն Լենա Նազարյանի ամուսինը նշանակվել պետական գույքի կառավարման վարչության պետ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սա կոռուպցիա՞ է, թե՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը նշանակվել է Տավուշի մարզպետ։ Սա, մեր կարծիքով, դարձյալ կոռուպցիա է ։

Մարդը պաշտոն է ստացել ապրիլ ամսին փողոց փակելու համար։ Սրանից կոռուպցիան «բուրում է»։

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության խորհրդական՝ մինչդեռ ուսանող է դեռևս։ Սա կդիտվի՞ կոռուպցիա։

Վարչապետի տիկնոջ վարսավիրը նշանակվել է վարչապետի օգնական։ Սա ևս, մեր կարծիքով, կոռուպցիա է։

Վարչապետի տիկինը տեղափոխվում է Մաշտոցի 47 հասցե՝ նախագահի նստավայրում բազմելու։ Նման բան որևէ օրենքով սահմանված չէ։ Սա կոռուպցիա՞ է, թե՝ ոչ։

Փոխվարչապետ Ավինյանի բիզնեսը պետական դրամաշնորհ է ստանում նրա՝ փոխվարչապետ եղած ժամանակ։ Սա ևս, մեր կարծիքով, կոռուպցիոն դրսևորում կարող է դիտվել։

Մամուլը գրեց, որ Արարատի մարզպետի օգնականը զարմիկն է, աշխատակազմի ղեկավարը՝ մորաքրոջ հարսը, ընկերը՝ տեղակալը։ Սրա մասի՞ն ինչ կասեք։

Օրինակները շատ են և ինչո՞ւ են շատ։ Նիկոլ Փաշինյանը քանի որ հեռացրել էր աշխատանքից պետական հիմնարկների բազմաթիվ աշխատողների, պետք է և փակեր կամ աշխատատեղերը կամ լրացներ ինչ-որ ձևով։ Այդ «ինչ-որ ձևը» դարձավ հիմնարկները ծանոթ-բարեկամ-ընկերներով, բարեկամի բարեկամներով, դպրոցական, բանակային, ընկերներով համալրելը։ Ով գիտե, գուցե խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարություններ հայտնվեն, որ փնտրվում են վարչապետի մանկապարտեզի ընկերները կամ նրանք, ում հետ բակում «էշ միլիցա» է խաղացել։ Ու նրանք, ամենայն հավանականությամբ, կդառնան չինովնիկ։

Կարող են արձագանքել՝ թիմի անդամ են, չնշանակեի՞ն։ Ավելին, պաշտոնյաներ կան, որ հայտարարում են, թե՝ այո, իրենց ընկերոջն են նշանակել, որովհետև վստահելի կոլեկտիվ է պետք։ Այդ դեպքում հարցնենք, իսկ ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ի խնամիա-ծանոթա-բարեկամա-ընկերական կապերով նշանակվածները թիմի անդամ չեն։ Գալուստ Գրիգորիչի տղան թիմի վա՞տ անդամ էր, որ նրան փոխարինեցին Լենա Նազարյանի ամուսնով։

Իսկ դեկտեմբերի 5-ին հրապարակված վարչապետ-ԱԱԾ-ՀՔԾ պետեր եռյակի հեռախոսազրույցների գաղտնալսման հերթական հատվածից, ինչպես և նախորդ անգամ, պարզ դարձավ, որ կոռուպցիոն հարաբերությունների մեջ են գործադիր և դատական իշխանությունը։

Այնպես որ, կոռուպցիան, ինչպես պնդում էին նախորդ իշխանության ներկայացուցիչները՝ եղել է նախապատմական ժամանակներից ու կձգվի հավերժություն։

 

Ահարոն Համբարձումյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ