29 11 2018

2020-ից տասնյակ հազարավոր մարդկանց հարկային բեռը կբարձրանա

2020-ից տասնյակ հազարավոր մարդկանց հարկային բեռը կբարձրանա

Արդարադատության նախարարության կայքում տեղադրվել են հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Նշված է, որ դրանք արվում են «ազգա­յին տնտեսության մրցու­նա­կու­թյան և ներդրումային գրավչության բարձրացման համար»։ Սակայն արդյո՞ք դա այդպես է։ Անդրադառնանք մասնավորապես փոքր բիզնեսի համար նախատեսված փոփոխություններին։

Այստեղ հիմնական շեշտը դրվում է այսպես կոչված միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վրա։ Դրա մեջ պետք է ընդգրկվեն ինքնազբաղվածները և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման մեջ գտնվողները։ Թե առաջինները, թե երկրորդները ներկայումս այսպես, թե այնպես ազատված են հարկերից։ Ինքնազբաղվածների դեպքում՝ եթե տարեկան շրջանառությունը մինչև 9 մլն դրամ է, ընտանեկան ձեռնարկությունների դեպքում՝ եթե շրջանառությունը մինչև 18 մլն դրամ է։ 2020 թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է այս երկու տեսակները միավորել մեկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում, որի դեպքում մինչև 20 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում կազատվեն հարկերից։ Այս համակարգի մեջ կընդգրկվեն նաև ֆիզիկական անձիք, որոնք գործունեության որոշ տեսակներով զբաղվելով, դարձյալ չեն գերազանցի 20 մլն դրամ շրջանառության ծավալը։

Փաստորեն այստեղ միայն հարկումից ազատված շրջանառության շեմն է որոշ չափով բարձրացվում, որը ոչ մի էական նշանակություն չի ունենա։ Թե ինքնազբաղվածները, թե ընտանեկան ձեռնարկատիրության մեջ զբաղվածները եթե անգամ գերազանցեն ներկայիս 9 մլն դրամի կամ 18 մլն դրամի շեմը, ապա միևնույն է` հարկային մարմնին ներկայացնում են այդ շեմից ցածր շրջանառություն և փաստացի ազատվում հարկային վարչարարությունից (ինչը, թերևս, արդարացի է)։ Նրանք 2020 թ․-ից ցույց կտան 20 մլն դրամից ցածր շրջանառություն և դարձյալ չեն ենթարկվի հարկային վարչարարության։

Ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տալու նպատական անհասկանալի է։ Եթե անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ լինելով կարող ես առանց հարկվելու գործունեություն ծավալել որոշ պարզունակ տեսակներով, ապա ի՞նչ իմաստ ունի դրան զուգահեռ նման հնարավորություն տալ ֆիզիկական անձանց։ Գուցե այդ տեսակներով զբաղվող ընդհանրապես բոլորի՞ համար սահմանել, որ առանց գրանցվելու գործեն որպես միայն ֆիզիկական անձ։

Մեկ այլ փոփոխություն, որ թերևս առավել քան մտահոգիչ է։ «2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակ­ների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով»։ Սա եթե ընդունվի, մեկ տարի անց դժգոհության մեծ ալիք է բարձրացնելու։ Տեղեկացնենք, որ ներկայում արտոնագրային հարկով հարկվում են հետևյալ գործունեության տեսակները․

  • թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում.
  • ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում.
  • վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.
  • ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն.
  • ավտոկանգառների գործունեություն. բիլիարդ խաղի կազմակերպում.
  • սեղանի թենիս խաղի կազմակերպում.
  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում.
  • ատամնաբուժական գործունեություն.
  • ատամնատեխնիկական գործունեություն.
  • տոտալիզատորի կազմակերպում.
  • ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում.
  • առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:
  • Այս ոլորտներից միայն առաջինները՝ անհատ տաքսիստներն են ընդհանրապես ազատվել հարկերից՝ թերևս որպես շնորհակալություն ապրիլ-մայիսին քաղաքը գիշեր-ցերեկ հանուն «հեղափոխության» ձայնային ազդանշաններով ողողելու համար։ Մյուսները մնացել են նույն արտոնագրային վճարի՝ ընդհանուր առմամբ հարմարավետ դաշտում։ 2020 թ․-ի հունվարի 1-ին արտոնագրային հարկման վերացումը նշանակում է այդ՝ տասնյակ հազարավոր մարդկանց հարկային բեռի փաստացի բարձրացում և հաշվապահական հավելյալ թղթաբանություն և համապատասխան ծախսերի ավելացում։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատեհ-անպատեհ հայտարարելով միկրոբիզնեսին հարկերից ընդհանրապես ազատելու մասին, մտադիր է անել հակառակը։ Նկատի ունենալով այն տնտեսական հետընթացը, որ գրացվում է այժմ և որի հետևանքներն իրենց ազդեցությունն են ունենալու նաև պետական բյուջեի եկամուտների վրա, ներկայիս վարչապետի պաշտոնակատարը հավանաբար հույս ունի գործունեության այս տեսակների հարկման դաշտը փոխելու միջոցով լրացուցիչ մուտքեր ապահովել։ Թերևս չէր խանգարի նածընտրական քարոզարշավի հետևող՝ արտոնագրային հարկման դաշտում գործող մարդիկ տեղյակ լինեն այդ մասին իրենց ընտրությունը կատարելուց առաջ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ