29  11  2018

Ո՞ր կուսակցություններին է Նիկոլ Փաշինյանը որոշել մտցնել խորհրդարան՝ որպես ընդդիմություն

Ո՞ր կուսակցություններին է Նիկոլ Փաշինյանը որոշել մտցնել խորհրդարան՝ որպես ընդդիմություն

Շատերն են տալիս հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց քարոզարշավին, եթե սահմանադրությամբ նախատեսված առավելագույն շեմը, այն է՝ խորհրդարանի 1/3-ը կարող է զբաղեցնել իր ու ողջ թիմի փոխարեն դեռևս թրենդային ուսապարկը, կամուֆլյաժը, բարձրախոսը քարոզչական բեմ հանելով։ Անգամ պարզ հայացքը Փաշինյանի ելույթներին՝ ամբողջ նպատակը ցայտուն է դարձնում։

Փաշինյանը ձևավորում է խորհրդարանը, որը շատ ավելի պակաս է լինելու պրոֆեսիոնալիզմով, քան նախորդն էր ու շատ ավելի անդեմ և կախյալ է լինելու, զուրկ հակակշիռներից, քան նախորդը։ Եթե նախորդ խորհրդարանում իշխանությունը գոնե ուներ ընդդիմություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի փոքրիկ թիմի, նոր իշխանությունը խորհրդարանում ունենալու է ընդդիմություն՝ ի դեմս այն գործընկերների, որոնց հետ կուսակցություն էին ձուլում և որոնց ինքն է խորհրդարան բերելու։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցանկում շատ են նորեկները, երիտասարդները, քաղաքականություն նոր մտնողները, որոնց համար չափազանց բարձր նշաձող է դրվել։ ՀՀ խորհրդարանական հանրապետության մեջ առաջին ձևավորվող խորհրդարանն է, և այն պարտավոր էր լինել ամուր, իրենից արժեք ներկայացնող։ Փոխարենը սպառնում է դառնալ ամենաանպիտան խորհրդարանը ՀՀ ողջ պատմության մեջ։ Ու բավական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով ձևավորում է իշխանական փորձաշրջան անցնողների թիմը, մի բան էլ ինքն է որոշում, թե ով է լինելու խորհրդարանում որպես իրենց ընդդիմություն, որին գրպանային համարելն այս պահին ամենաճիշտ ձևակերպումն է։

Քաղաքացին հարց է տալիս՝ եթե ընտրություններն արդար են լինելու, ուրեմն ինչպե՞ս պետք է պարոն Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ով է ընդդիմությունը։

Հիմա գանք ասածի ապացույցներին և պատասխանենք այդ քաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանը զբաղված է գլխավորապես սև քարոզչությամբ։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ավելի շատ հանրությանը կոչ է անում չընտրել այս կամ այն ուժին, քան կոչ է անում ընտրել իրենց։ Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ նա ներկայացներ սեփական ծրագիրն ու ակնկալեր հանրության քվեն։ Ոչ, նա ունի այդ ձայները, և հիմա ամբողջությամբ լծված է գործին, թե բացի իրենից ուրիշ ում ընտրի քվեախցի առաջ 11 քվեաթերթիկի առաջ «մոլորված» ՀՀ հպարտ քաղաքացին։

Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու խորհրդարանում ընդդիմությունը և այսօր լծված է այդ ուժի լոբինգով` մյուսներին սևացնելու հաշվին։

  1. Ամենուր կոչ է անում ձայն չտալ ՀՀԿ-ին։ Իսկ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, նախկինում լինելով ամենամասսայական ուժը, դեռևս կարող է հույս ունենալ թեև փոքր տոկոսներով, սակայն՝ երկրորդ տեղի։
  2. Ընտրողին կոչ է անում ձայն չտալ «Սասնա ծռերին», իսկ «Սասնա ծռերին» սպառնում է։ Այդ նորակազմ ուժը ևս խորհրդարան մտնելու հույս կարող էր ունենալ։
  3. Հրապարակային բանավեճի մեջ է մտնում ՀՅԴ-ի հետ, բայց ոչ թե ծրագրային-գաղափարական տեսանկյունից, այլ՝ «քուչի» մկարդակով։ Իսկ Դաշնակցությունն արդեն մի քանի ընտրությունների ժամանակ ապացուցել է, որ 70 հազարից ավելի համակիր ունի և կարող է գոնե նվազագույն մուտք ապահովել խորհրդարան։

Նրանց դեմ Փաշինյանը հստակ հակաքարոզչություն է տանում։

Իսկ ո՞ր ուժերն են որպես ընդդիմություն ձեռնտու Նիկոլ Փաշինյանին, որոնց և աջակցում է պաշտոնակատարը։

  1. Խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս կուսակցության առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ իրենք աջակցում են Փաշինյանին, որի ցավն օր ու մեջ Գագիկ Ծառուկյանը տանում է։ Այս ուժը խորհրդարանում կարող է գործել միմիայն Նիկոլ Փաշինյանի կամքին համահունչ, այլապես կան որոշ սպառնալիքներ, որ կրող են իրականանալ կուսակցության առաջնորդի նկատմամբ։ Եվ ուրեմն, 30 տոկոսանոց ընդդիմության մի մասը կարող է վերցնել «Բարգավաճ Հայաստան»-ը։
  2. «Պատվիրված» երկրորդ ընդդիմությունն էլ կարող է լինել «Լուսավոր Հայաստան»-ը, որի առաջնորդը բոլոր հանրահավաքներում հարվածում է նրանց, ում հարվածում է Նիկոլ Փաշինյանը, երկրորդում է Փաշինյանի ասածներին և ամենուր համոզում է, որ ինքն է միակ ընդդիմությունը, իսկ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ։

«Աներձագն» արդեն մամուլի ասուլիսում խոստովանեց, որ իրենց համար ընդունելի է «Լուսավոր Հայաստան»-ը, որի հետ խորհրդարանում կաշխատեն հաճույքով։ Իր կարծի՞քն էր հայտնում։ Դժվար։ Հայտնում էր այն, ինչ քննարկվում է կուսակցության նիստերում։ Դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ նույն անձն արդեն խոսելով այն մասին, որ «Սասնա ծռեր»-ը չեն հայտնվի խորհրդարանում, նաև հայտարարում էր, որ խորհրդարանական քարոզարշավը ևս լինելու է սև ու սպիտակի բաժանում։ Ու եղավ այդպես։

Փաշինյանը սպառնում է «Սասնա ծռեր»-ին․ «Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը»։ Այսինքն, խորհրդարանի չափերն արդեն իրենք որոշել են, մնում է ՀՀ հպարտ քաղաքացին, որ ընտրություն կատարի հենց այն տրամաբանությամբ, որով իրեն այս օրերին դիմում է Նիկոլ Փաշինյանը՝ ծայրաստիճան լարված նյարդերով, կոպիտ բառապաշարով։

Ցավոք, արձանագրենք, որ արդար ընտրությունների մասին դեռևս միայն կարելի է երազել։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ