20 11 2018

Իսկ գուցե Փաշինյանը չի՞ հրաժարվել ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրից

Իսկ գուցե Փաշինյանը չի՞ հրաժարվել ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրից

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հավատարիմ կմնա նախորդ իշխանությունների գործելակերպին, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի մասով, վերլուծական շրջանակները սկսեցին քննադատել նրան՝ հույժ կարևոր հարցերի շուրջ արագորեն տեսակետներ փոխելու մեջ։ Վարչապետ դառնալուց առաջ ներկայացնում էր ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ, իսկ հիմա ամենաջերմեռանդ պաշտպանն է, նույնիսկ ավելի ջերմ, քան այդ կառույցների ստեղծման գաղափարի հեղինակները։

Ամսե-ամիս Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր հայտարարություններն ու իրական գործելաոճը բոլորովին հակադիր կողմերում են գտնվում։

Գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց Փաշինյանը, ինչպես երևում է, վարում է ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու քաղաքականություն ու այդ քաղաքականությամբ շարժվում է հենց սկզբից։

Նիկոլ Փաշինյանը հուլիսին սկսեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանին դուրս բերելու գործընթաց։

Որքան էլ անփորձ են, միևնույն է՝ այդքան էլ միամիտ չեն ու հասկանում էին, որ սա Հայաստանի համար լուրջ խնդիրներ է ստեղծելու։ Ու ստեղծեց։ Հայաստանը կորցնում է գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Նրանք հաջողացրին անել այնպես, որ ՀԱՊԿ նիստը Հայաստանում չկայանա։

Նիկոլ Փաշինյանը գնաց Աստանա, որտեղ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ճիշտը Բելառուսի թեկնածուին ընտրելն է, Հայաստանը չի հասցնի։ Փաշինյանը ոչինչ չասաց։ Հասնելով Հայաստան, Վասակ Մամիկոնյանի պես նրան քաջություն հաղորդեց ոտքի տակ եղած հայրենի հողը, և ասաց, որ հաշիվ է պահանջելու թե նրանից, թե Բելառուսի նախագահից։ Իսկ վերջինն ակնհայտորեն ոչ կոռեկտ դիվանագիտական քայլ էր կատարել՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելով ՀԱՊԿ ներքին խոհանոցը։ Դրան հաջորդեց Բելառուսի ԱԳ նախարարի խոսնակի պատասխանն ու Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հայտարարությունը, թե ոչ ոք իրավունք չունի Հայաստանի հետ խոսել նախկինի պես, պետք է հաշվի նստեն, որ մեզ մոտ իրավիճակ է փոխվել։

Ու երևում է, որ հենց դա էլ հաշվի են առել, և այս ընթացքում ՀԱՊԿ-ն ու Ալիևն այնքան են մտերմացել, որ նրան հրավիրում են մասնակցելու ՀԱՊԿ համաժողովին։

Սրան եթե հավելենք Բոլթոնի «Անսպասելի» այցը Հայաստան ու հայտարարությունները, ամեն ինչ տեղն է ընկնում։

Կարճ ասած՝ Փաշինյանը բոլորովին էլ միամիտ չէ, ինչպես հասարակությամ մեջ վերջերս կարծում են շատերը, նա հստակ ծրագիր է իրականացնում՝ Հայաստանը դուրս բերել երկու կառույցներից, որի վերաբերյալ ամիսներ առաջ ներկայացրել էր օրենսդրական նախագիծ։ Քաղաքականությունը, որով գնում են, բերելու է Հայաստանի պաշտպանունակության թուլացման, տարածաշրջանում միայնակ թողնելուն և այլ հետևանքների։ Նա իհարկե, կմեկնաբանի, որ «Սերժին հաղթել ենք, Լուկաշենկոյին էլ կհաղթենք», բայց մոռանում է, որ արտաքին քաղաքականությունը Գյումրի-Վանաձոր-Երևան երթուղի չէ, որ քայլես ու մատուցարանի վրա ստանաս պետության կառավարման բանալիները։ Երբ խելացի և փորձառու գործիչներն ասում են, որ արտաքին քաղաքականության մեջ սխալները կարող են ճակատագրական լինել, հենց այն նկատի ունեն, ինչն արդեն կատարվել է։ Այժմ ինչ ուղղությամբ էլ շարժվեն, միևնույն է՝ կորուստներ են լինելու։ Մնում է՝ հնարավորին քիչ կորուստների ճանապարհն ընտրեն։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ