06  11  2018

Զբոսաշրջությունն ու հեղափոխությունը՝ հակառակ բևեռներում

Զբոսաշրջությունն ու հեղափոխությունը՝ հակառակ բևեռներում

Զբոսաշրջության զարգացումը և համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա մեր հաստատուն տեղն ունենալը, անշուշտ, անհրաժեշտ է։ Զբոսաշրջային գրավչություն մեր երկիրն ունի՝ գեղեցիկ բնաշխարհ, պատմամշակութային հնագույն հուշարձաններ, հյուրընկալ ժողովուրդ, յուրահատուկ և համեղ խոհանոց և այլն։ Այս ամենը տարբեր միջոցներով և ձևերով ներկայացվել է աշխարհում, ինչը տվել է իր արդյունքները։ Եթե 2001-ին Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակի կապակցությամբ խնդիր էր դրվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 100 հազարի, ապա 17 տարի անց Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կազմել էր գրեթե 1,5 մլն։ Սա ի գիտություն «20 տարում երկիրը քանդելու» մասին արտահայտությունն անողների։

Ի դեպ, խոսելով անցյալ տարվա ցուցանիշի մասին, հարկ է նշել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը կտրուկ է եղել՝ 18,7 տոկոս կամ 235 հազար մարդով 2016-ի համեմատ։ Մինչ այսպես կոչված հեղափոխությունը, կառավարությունը հավակնոտ խնդիր էր առաջադրել՝ մինչև 2022-ը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն մարդու: Սակայն, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում, այնպես էլ զբոսաշրջությունում աճի տեմպի անկումը այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած, նախկինում իրատեսական թվացող այս ծրագիրը արդեն ոչ իրատեսական է դարձել։ Այժմ, ինչպե՞ս են փոխվել ներգնա զբոսաշրջության ցուցանիշները ապրիլ-մայիսից սկսած։

Նախ տեղեկացնենք, որ համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով։ Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում և այլն:

Այսպես, այս տարվա հունվա-մարտին Հայաստան է այցելել մոտ 346 հազար զբոսաշրջիկ, որը 16,1 տոկոսով ավելի էր անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն արդեն կազմել էր գրեթե 686 հազար մարդ, որն ավելի էր նախորդ տարվա առաջին կիսամյակից արդեն 10,2 տոկոսով։ Աճի տեմպը նվազել էր։ Ավելին, զբոսաշրջության համար ավելի բարենպաստ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ անգամ անկում էր արձանագրվել։ Մասնավորապես, ապրիլ-հունիսին Հայաստան էին եկել 340 հազար զբոսաշրջիկ հունվար-մարտի 346 հազարի դիմաց՝ 6 հազարով կամ մոտ 2 տոկոսով ավելի քիչ։ Սա հակառակ Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունների, թե զբոսաշրջիկներն գալու են տեսնեն, թե այդ ի՞նչ երկիր է, որտեղ թավշյա հեղափոխություն է արել։ Իրականում զբոսաշրջությունն ու հեղափոխությունը տրամագծորեն հակառակ բևեռներում են և երկրորդը առաջինին վանում է, այլ ոչ թե գրավում։ Ինչն էլ արտացոլվում է մեր իրականության մեջ։

9 ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 275 հազար մարդ կամ արդեն 8,8 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, տարվա ընթացքում նվազել է մեր երկրի այցելող երկու հիմնական երկրներից՝ Ռուսաստանից և Իրանից եկողների թիվը։ Մի խոսքով, ակնառու է զբոսաշրջության աճի տեմպի նվազումը։ Հոկտեմբերին հավական է, որ այս ցուցանիշը որոշ չափով բարելավվի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների և այդ առիթներով բազմաթիվ հյուրերի այցելության շնորհիվ։

Սակայն Հայաստանը «հեղափոխական» լինելու գործոնը շարունակում է զգուշավոր դարձնել զբոսաշրջիկներին, իսկ զբոսաշրջության պետական գործակալությունը չի էլ փորձում երկիրը դուրս բերել այդ անբարենապաստ գործոնի ստվերից։ Ինչը հասկանալի է իհարկե՝ դա Նիկոլ Փաշինյանի սիրելի գործոնն է, որքան էլ որ դա վանող է օտարերկրյա հյուրերի համար։

Այսպես, թե այնպես, պետք է արձանագրել, որ ինչպես տնտեսության մեջ ընդհանրապես, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում ևս աճի տեմպը նվազում է և հետագայում շատ դժվար է լինելու տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղված ջանքերը ի չիք դարձրած հեղափոխության գործոնից դուրս բերելու և մեր երկիրը վերստին որպես ապահով և գրավիչ հանգստի վայր ներկայացնելը։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ