30 10 2018

Գնում է քաղաքական հակառակորդների դեմ դիվերսիոն գործընթաց

Գնում է քաղաքական հակառակորդների դեմ դիվերսիոն գործընթաց

Հայաստանում գնում է քաղաքական հակառակորդների դեմ դիվերսիոն գործընթաց։ Նիկոլ Փաշինյանը ձեռնարկել է նրանց ասպարեզից հեռացնելու փորձ՝ օգտագործելով ունեցած լեգիտիմության ողջ հարձակողական զինանոցը։

Հոկտեմբերի 24-ին՝ վարչապետ չընտրվելու համար ունեցած ելույթում, Նիկոլ Փաշինյանը բավականին վտանգավոր միտք հայտնեց․ «Մինչ օրս 3 այդպիսի իրական փորձ է եղել՝ ռևանշի հասնելու. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը, սակայն, ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ և հուժկու մերժման պատճառով: Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականացվում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Ռևանշի հասնելու երրորդ քայլն այս երկուշաբթի օրն Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, երբ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, բոյկոտեց և տապալեց Ընտրական օրենսգրքում առաջադրվող փոփոխությունները»:

Նախ՝ թվարկած երեք քայլերի մասին՝ կարճ․ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիան ձախողվեց ոչ թե ժողովրդի հուժկու մերժման պատճառով, այլ՝ որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պետք է շաբաթը ուրբաթից շուտ գա և ընտրությունները լինեն դեկտեմբերին։ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ չի մասնակցելու դեկտեմբերյան ընտրություններին՝ այն որակելով նախապես կանխորոշված սցենար։ Այստեղ ժողովուրդ չկար, այստեղ կար իր կարծիքը պարտադրած վարչապետ, որը, համաձայն խոստմնադրույժ գործելաոճին, արեց մինչ այս հայտարարածների ճիշտ հակառակը։ Եվ դժվար է ասելը՝ այսպես շարունակվելու դեպքում ընտրություններից հետո կոնսոլիդացիան իշխանության շո՞ւրջ է լինելու, թե՞, ասենք, Քոչարյանի կամ մեկ ուրիշի։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների դեմ կառավարության ղեկավարի պայքարը լիուլի տեղավորվում է հակասահմանադրական գործելաոճի տիրույթում։ Երկրի վարչապետը խառնվեց օրենսդիր մարմնի գործերին և օգտագործելով դեռևս իրեն լսող մարդկանց՝ փորձեց խաթարել ԱԺ բնականոն աշխատանքը։ Խորհրդարանում ճնշումները ազդեցություն չունեցան, վարչապետն ԱԺ շենքից դուրս եկավ գլխահակ։ Բայց ժողովրդով սպառնալով երկրի նախագահին՝ թույլ չտվեց ստորագրել ԱԺ ընդունած օրենքը։ Այն ՍԴ-ն, վստահաբար, կճանաչի սահմանադրական, սակայն գնացքն արդեն գնացած կլինի։

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի տապալմանը, ապա, փաշինյանական տրամաբանությամբ, ՀՀԿ-ն հասավ ռևանշի, քանի որ կառավարության օրինագիծը տապալվեց նաև երկրորդ անգամ։ Պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր բազմիցս ՀՀԿ-ին համարում էր քաղաքական դիակ, նրա հետ հրաժարվում երկխոսել, ու նրանք էլ ցույց տվեցին, որ առանց «դիակի» կարծիքը հաշվի առնելու, դիահերձում պետք չէ անել։

Երկրի վարչապետը պարզապես պարտավոր է համապատասխան դաշտ ստեղծել, կամ գոնե չկեղտոտել այն դաշտը, որտեղ բոլոր քաղաքական ուժերը գործում են։ Եթե պարզել եք ժողովրդավարության դրոշակը և փորձում եք այլևս ժողովրդավարությամբ առաջ գնալ, ուրեմն պետք է գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան բոլոր քաղաքական ուժերը, գործիչները։ Ծայրահեղ կարևոր է լուրջ ասելիք ունեցող ընդդիմության առկայությունը, որը զերծ կպահի իշխանությանը գլխից մեծ սխալներ գործելուց։ Իսկ գնահատողը պետք է լինի միմիայն շատ սիրված ու արդեն բերանի ծամոն դարձած ժողովուրդը, որը պետք է ընտրի՝ համեմատելով ամեն կողմից։

Երբ վարչապետի պաշտոնակատարն իր դեմ խոսացողներին արդեն համարում է սաբոտաժիստներ, հակահեղափոխականներ, ռևանշիստներ, ժողովրդի թշնամիներ, ուրեմն պետք չէ զարմանալ, երբ նրա գլխավոր քաղաքական հակառակորդը կարող է բանտարկվել։

Սա բխում է չափազանց մեծ վախից։ «Ռեժիմը խուճապի մեջ է» արտահայտությունը, թերևս այստեղ տեղին է օգտագործել։

Շրջապատված լինելով հիմնականում անտաղանդ կադրերով և գոնե կադրային, սոցիալական խնդիրների լուծման և նման մի քանի առիթներով չկարողանալով հանրության աջակցությունը ստանալ, վախենում են ձեռք բերած այդքան թանկ բանը՝ իշխանությունը կորցնել։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը մահացու վտանգ է տեսնում իր իշխանության գլխին կախված, նա այժմ լծել է միայն մեկ գործի՝ սեփական իշխանության ամրապնդմամբ։ Տրամաբանությունն ու վերլուծական, քաղաքագիտական միտքը հուշում են, որ դա պետք է լիներ արտաքին ու ներքին ճիշտ քաղաքականության մշակմամբ, սոցիալական խնդիրների լուծմամբ, ինչի համար ստացել էր ժողովրդի վստահության քվեն։ Սակայն նա այդ խնդիրները լուծում է քաղաքական դաշտը ստերջացնելով, բոլորին ջնջելով, ում կարողանում է՝ բանտ նետելով, ում չի կարողանում՝ սաբոտաժիստ անվանելով և հանրության աչքին վնասելով։

Վստահաբար, այսպիսով խնդիրները չեն լուծվելու, այլ կուտակվելու են և մի օր խեղդեն կառավարությանը՝ նոր հեղափոխական գործընթացների արդյունքում։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ