30 10 2018

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում․ ո՞ւմ հաշվին և ի՞նչ միջոցներով

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում․ ո՞ւմ հաշվին և ի՞նչ միջոցներով

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցնելու հնարավորությունների մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկումը ոչ այլ ինչ էր, քան Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական խոստումները կյանքի կոչելու ևս մեկ ճիգ։ Սակայն այդ նախաձեռնությունը կյանքի կոչվելու հավանականությունը մոտ է զրոյի, իսկ եթե կյանքի կոչվի էլ, ապա կամ ռուսական կողմի հերթական զիջման շնորհիվ, կամ էներգետիկ համակարգի կայունությունը սպառնալիքի տակ դնելու հաշվին։

Նախ՝ հիշեցնենք, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը «նախահեղափոխական» Հայաստանում մշտապես օրակարգում է եղել։ Այն որպես դագանակ օգտագործվել է նախկին իշխանության դեմ, իսկ օգտագործել են նրանք, ովքեր նաև այս թեմայի շահարկման միջոցով հիմա իշխանության գլուխ են անցել։ Հետևաբար, նրանք խնդիր ունեն ցույց տալու որ սակագները նվազեցնելը հնարավոր է։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի կողմից մատակարավող էժան գազի Հայաստանում գնագոյացման հարցն ինքը քննարկել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եթե դա իսկապես այդպես է, ապա ոչ այլ ինչ է, քան անհեթեթություն։ Հայաստանում գազի գնագոյացման հարցը Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե Ռուսաստանի նախագահի հետ քննարկեր, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմեր և ստանար համապատասխան հաշվարկները։ Գուցե նա արե՞լ է դա և համոզվել, որ իր խոստումների իրականացումն անիրատեսակա՞ն է։

Վերստին նշենք, որ Հայաստանին մատակարավող ռուսական գազի ամենացածր՝ 150 դոլար 1000 խմ համար սակագնինն արդեն երկրորդ տարին է ինչ գործում է։ Այն պետք է գործեր մեկ տարվա համար, բայց հայկական կողմին ընդառաջելով, 2017-ի վերջին ռուսական կողմը այդ գինը ևս մեկ տարով՝ 2018-ի համար երկարաձգեց։ Միաժամանակ, «Գազպրոմ Արմենիան» իր վրա վերցրեց երեք խոշոր խավերի համար ավելի ցածր գնով գազ մատակարարելու ծախսերը։

Եթե բնակչության համար գազի 1 խմ սակագինը 139 դրամ է, ապա ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար մինչև 600 խմ սպառա գազի գինը 100 դրամ է։ Երկրորդ արտոնյալ գինը ստացան ջերմոցային տնտեսությունները՝ 212 դոլար 1000 խմ համար, երրորդը՝ վերամշակող ձեռնարկությունները՝ դարձյալ 212 դոլար 1000 խմ համար։ Ավելի էժան գազ են ստանում նաև խոշոր ձեռնարկությունները, որոնք 10 հազար խմ-ից ավելի գազ՝ 242 դոլար 1000 խմ համար։ Նախկինում առաջին երեք խավերի համար տարբերակում չկար, իսկ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագնի տարբերությունը վճարվում էր պետական բյուջեից, այլ ոչ թե «Գազպրոմ Արմենիայի» կողմից։ Սա ի գիտություն Ռուսաստանի դեմ զանազան դեմարշներ անողների։

Ելնելով վերոգրյալից, անհասկանալի է դառնում, թե ինչպե՞ս է վարչապետը խոսում գազի սակագնի հնարավոր նվազեցման մասին, եթե ավելի ցածր գնով գազ ստացողների սակագնի տարբերությունը մեր պետության փոխարեն «Գազպրոմն» է իր վրա վերցրել։ Ո՞ւմ հաշվին է դա տեղի ունենալու և ի՞նչ միջոցներով։ Եթե սրան էլ ավելացնենք Ռուսաստանի ղեկավարության անվստահությունը Հայաստանի ներկայիս ղեկավարի հանդեպ, ապա ոչ միայն գազի գնի նվազման, ապա գոնե պահպանման մասին պետք է երազենք։

Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի գինը մասամբ պայմանավորված է նաև գազի գնով, անհնար է թվում նաև սակագնի նվազեցումն այստեղ։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերից հետո սակագինը չնվազեց և դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը չէր ուզում, այլ որ դա «կարճաժամկետ հեռանկարում սպառնալիք կառաջացներ երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար»։ Սա «Դելոյթ ընդ տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը եզրակացությունն է, որը հիմնավոր համարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Դրան հաջորդեց կառավարության և «Տաշիր» ընկերության կողմից բնակչության սպառած էլետրաէներգիայի մի մասի սուբսիդավորման որոշումը, որը տևեց մեկ տարի։ Այնուհետև, երբ եղան սակագնի նվազման հնարավորություններ՝ գազի գնի իջեցում, Հէկ-երի, ատոմակայանի արտադրած էներգիայի ծավալների ավելացում և այլն, հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագները որոշ չափով իջեցրեց։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ ներկայում գործող սակագները արտացոլում են այն վիճակը, որ առկա է էներգահամարգում և որի փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե դրա տարբերությունը ինչ-որ մեկը վճարի։ Ի վերջո չկա անվճար ոչինչ, հարցն այն է, թե ո՞վ է վճարում։ Կառավարությո՞ւնը, որը չի կարողանում անգամ սոցիալապես անապահովներին ավելի ցածր գնով տրվող գազի սակագնի տարբերությունը վճարել, թե՞ դարձյալ ռուսական «Գազպրոմը», որի մտադրությունը չիմանալով, ինչ-որ հաշվարկներ ենք անում։ Կամ գուցե ատոմակայանի կամ ջերմակայանի ինչ-որ անհրաժեշտ ծախսի հաշվի՞ն է դա արվելու, որի վտանգների մասին դեռ երեք տարի առաջ զգուշացրել է միջազգային խորհրդատվական ընկերությունը։

Եվս մեկ հիշեցում՝ երեք տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի 9 դրամով թանկացման պարագայում յուրաքանչյուր ընտանիքի միջին ամսական ծախսն ավելանում էր ․․․ 800 դրամով։ Եթե էներգահամակարգի ռիսկեր անտեսելով, ասենք 3 կամ 4 դրամ սակագին իջեցնենք, ապա Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի միջին ամսական ծախսը կթեթևանա ․․․ 250-350 դրամով։ Սա է պոպուլիստական խոստումների իրական արժեքը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ