12  10  2018

Ձմռանն ու արտահերթ ընտրություններին ընդառաջ

Ձմռանն ու արտահերթ ընտրություններին ընդառաջ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Գամբիայի հետ` որ ի՞նչ անի, կառավարությունը նախատեսում է ֆինանսավորել վարչապետի տիկնոջ գործունեությունը` որ նա՛ ի՞նչ անի, սահմանադրության ու ընտրական օրենսգրքի փոփոխություններ են պատվիրում` որ ԿԸՀ-ն ի՞նչ անի, վարչապետը ափալ-թափալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պարտադրում` որ նոր ԱԺ-ն ի՞նչ անի։ Բազում նման հարցեր են առաջանում, որոնք խելամիտ պատասխան չունեն այսօ՛ր։ 

Հարցեր ծնող ու հայտնի նպատակ չունեցող գործողությունները, մինչդեռ, ներկա իշխանության գործունեության օրակարգն են ձևավորում։ Անելիք շատ կա, բայց մինչև նոր ԱԺ չընտրվի, ձմեռը չպրծնի, ամեն ինչ չթանկանա, բոլոր անկարելի բաները չարվեն, բոլորը չմեղադրվեն ու փրկագին չվճարեն, բոլորը չհնազանդվեն, ժողովրդի համբերությունը ճշգրիտ չչափվի` ոչինչ անել չի կարելի։

Պաշտոնական անգործության մատնված վարչապետը, նախարարներն ու տարբեր տրամաչափի պետերը մինչ այդ միայն ինքնանպատակ բաներ պետք է անեն` դես ու դեն գնան, սրա ու նրա հետ օդի մեջ անկապ բաների մասին զրուցեն, կարևոր բաների մասին միա՛յն վերելակում ու միա՛յն անկապ զրուցեն, չարած ու չանելիք բաների մասին անընդհատ խոստանան` մինչև... 

Մինչև, գուցե, այն պահը, երբ ԱՄՆ նոր դեսպանը Հայաստան գա ու Հայաստանի նոր դեսպանը ԱՄՆ գնա, կամ Փաշինյանի կախարդական փայտիկը` հեռախոսը, որից նա երբեք չի բաժանվում, վերջին անգամ զանգի ու վարչապետին փոխանցի վերջին` ամենակարևոր հրահանգը... 

Բայց մինչև դա լինի, մենք բոլորս պետք է ապրենք` չէ՞։ Փաշինյանն ասում է` այո՛ և պնդում է, թե` լա՛վ ենք ապրելու։ Նույնիսկ ապացուցում է` թե «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար», թե «բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5%-ով, վարկերը` 7%-ով, ֆիզիկական անձանց վարկերը` 10.4 %-ով, իրավաբանական անձանց վարկերը` 4.3 %-ով, ավանդները` 9.2 %-ով»:

Մի վարչապետ էլ կա` բայց նախկին, բայց տնտեսագետ, բայց դոկտոր ու պրոֆեսոր, ով նույնքան հաստատ պնդում է, թե` իրոք թռչում ենք, բայց ցած, համոզված ասում է, թե` «այստեղ սխալ է ամեն ինչ», իսկ գոնե տեղում մնալու համար «ակտիվները պիտի աճեն մոտ 20%-ով, ներդրումները պակասել են 11 անգամ, աճում է պահանջարկը վարկի նկատմամբ, իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։ Նույն նախկին վարչապետը նաև բացահայտում է, որ կառավարությունում հիմա գալիք տարվա պետական բյուջեն գրագետ գրող էլ չկա։

Այ այսպես` ազգովի, պառակտված ու խաբված ժողովրդով, ամորձատված ու վախեցած քաղաքական կառույցներով, անգործության մատնված իշխանություններով գնում ենք ձմեռնամուտի ու ԱԺ արտահերթ ընտրությունների։ ԱՄՆ պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելին Washington Times-ում հրապարակած «Անարխիա Հայաստանում» հոդվածում այս իրավիճակը գնահատել է «իշխանության բացակայության հետևանքով առաջացած ապօրինության կամ քաղաքական խառնաշփոթի միջավայր»։

Հինգ ամիս շարունակ վարչապետը կրկնում է` բոլոր որոշումները կայացնելու է ժողովուրդը, բայց բոլոր որոշումները կայացնում է միայնակ, խորհրդավորության պայմաններում, սևերի հետ պայմանավորվելով ու ՀՀՇ-ի հետ խորհրդակցելով։ Ամբոխի դերը` վախացնելն է միայն, բայց ոչ ոք արդեն չի ուզում խրթվիլակ լինել։ Հեղափոխական մարտիկները տեսնում են համատարած ուրացումն ու դավաճանությունը և գիտակցում են, որ իրե՛նց խոստացված պաշտոնին նշանակվելու են նոր գնված հին ու հեշտ հարմարվողները։ 

Շատերն սկսում են տեսնել ու հասկանալ իրողությունները և հիասթափվում են։ Եվ սա հիմա` երբ ձմեռ չէ, երբ էլեկտրականությունն ու գազը դեռ չեն թանկացել, երբ դեռ չեն սկսվել հովհարային անջատումները, երբ դեռ նոր խորհրդարան չենք ընտրել։

Գոռ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ