12  09  2018

Արդարությունն ընտրովի չի լինում... Անդրադարձ

Արդարությունն ընտրովի չի լինում... Անդրադարձ

Չես հասկանում ո՞րն է ավելի վտանգավոր՝ նիկոլականների անսահման անամոթությո՞ւնը, թե՞ նիկոլապաշտների բացարձակ կուրությունը: Վիրավորակա՞ն է հնչում, չի՞ կարելի անպատվել «ժողովրդին»..... Կարելի՛ է, և անհրաժե՛շտ է, քանի որ ժողովրդի մի 10-20 տոկոս ներկայացնող ապազգային իշխանավորներն ու նրանց զոմբիներն արդեն լրջագույն սպառնալիք են դարձել Հայաստանի համար: Հայաստանի անկախացումից իվեր ամենա-ամենա-ամենա ոչլիգիտիմ, բառացիորեն իշխանությունը զավթած, ակնհայտ որ են խնդիրներ ունեցողին՝ կուռք դարձրած ամբոխը հայ ժո՛-ղո՛-վո՛ւրդը չէ: Բավակա՛ն է աշխարհով մեկ տարածել հեքիաթներ՛՛ժողովրդի լիակատար աջակցությունը վայելող ազատարարի՛՛ մասին:

ՍՈ՛ՒՏ է ... Անանիա Շիրակացի և Վիկտոր Համբարձումյան ծնած ժողովուրդը, հիանալի գիտակցելով չափն անցած նախկին իշխանություններին ասպարեզից հեռացնելու անհրաժեշտությունը՝ միտեսակ ներողամտորեն էր նայում «վիշապ սպանած-վիշապ դարձած» Նիկոլի ասած ու արած աբսուրդներին / հանուն արդարության նշենք, որ նա երբեք չի էլ թաքցրել ի ծնե վիշապ լինելու հանգամանքը... ասենք՝ հնարավոր էլ չէ.... աչքերն են մատնում/: Գրիգոր Նարեկացի և Գարեգին Նժդեհ ծնած ժողովուրդը համբերատար սպասում էր նաև իր մոլորված ոչխարների էյֆորիայից դուրս գալուն: Մեծահոգաբար սպասում էր, որ սկզբական ոգևորությունից սթափվելով՝ հենց իրենք կգիտակցեն լոզունգների և իրականության հակասությունները, կհստակեցն են ստի ու ճշտի սահմանները...

Եվ այդ ընթացքն առկա է: Պարզապես ուրիշները մեր երկրի նկատմամբ ներողամտություն-մեծահոգություն ցուցաբերելու խնդիր չունեն: Հակառակը՝ հարված հարվածի հետևից կհասցնեն, քանի դեռ մենք մեր տանն իրար միս ենք ուտում: Պարտադիր չէ, որ հարվածը պայթյունի տեսքով լինի: Արդյոք ահավոր հարվա՞ծ չի, երբ գաղտնալսվում է պետության անվտանգության երաշխավորներ հանդիսացող երկու բարձրագույն պաշտոնյաների հեռախոսազրույցը: Անշո՛ւշտ... և այն էլ արդարադատությունն իրենց ուզած ձևով ծռմռելու, դատավորին իրենց / իրականում՝ վարչապետի/ կամքը թելադրելու մասին «ախպերական» զրույցի գաղտնազերծումը: Ավելի մեծ աբսուրդ էր զրուցասեր պաշտոնյաների կեցվածքը հապճեպ հրավիրված մամուլի ասուլիսում, քննվող գործի քրեական բնօրինակները ասուլիսին բերելը, ասված մեկ «փակեք» բառի պարզ իմաստը մեկ-երկու նախադասությամբ «թարգմանելը»...

Իսկ աբսուրդի գագաթնակետը ափերից դուրս եկած վարչապետի հրահանգն էր ԱԱԾ և Ոստիկանությանը՝ «ասֆալտին պառկացրե՛ք ու զինաթափե՛ք»: Ա՜յ քեզ բան... օրենք չկա՞, Սահմանադրություն չկա՞, առանց հանրաքվեի անեցե՞լ ենք միապետական – բռնապետական համակարգի: Ճիշտ են ասում էլի, որ «լավագույն պաշտպանությունը նախահարձակ լինելն է»: Դատական համակարգի վրա բացահայտ ճնշում գործադրելու փաստը մի կողմ դրած՝ հոխորտալով գաղտնաձայնալսող են փնտրում: Պարզ տրամաբանությամբ՝ ներքին որևէ ուժ դժվար թե նման հզոր պոտենցիալ ունենա... հետևաբար ո՞վ..... Երևի ժամանակը ցույց կտա: Նեղ մասնագիտական հարցերը թողնելով պրոֆեսիոնալների իմացությանն ու խղճին, անդրադառնանք հարցի մեկ այլ կողմի՝ արդարադատությունը լլկողներին ծափահարող մարդկանց: Խելքներդ լրիվ կորցրե՞լ եք...

Նորմալ մարդու ամենա կարևոր պահանջմունքներից մեկը արդարության զգացումն է: Ընտրովի արդարություն չի լինում. Այն կամ կա, կամ չկա: Եթե ընդունում ես անարդարությունն ուրիշի հանդեպ, չկասկածես, որ քեզ ևս այն չի շրջանցի: Անկախ Հայաստանում ամենից հաճախ իրականացած ասացվածքներից մեկը հետևյալն է՝ «Էս ուղտը քո դռանն էլ կչոքի»: Օրենքը տարբեր չէ նախկինների ու ներկաների համար, հեղափոխականների ու հակահեղափոխականների համար, սև ու սպիտակ ուժերի համար, զոմբիների ու սթափների համար... Օրենքին հավասարապես ենթակա են բոլորը: Էլ չենք խոսում չգրված օրենքների մասին: Մի սարքե՛ք կուռքեր: Բոլորս ենք ուզում ապրել արժանապատիվ, բարեկեցիկ, երջանիկ կյանքով, բայց դրա համար սեփական խելքով է պետք ապրել, պետք չէ վախից կուչ գալով, պատասխանատվությունն այլոց վրա գցել: Հազար ներողությունեմ խնդրում մոլորվածներից, բայց վախենամ մինչև դուք ուշքի գաք՝ երկիրն անդառնալի կորուստներ կկրի: Մի վախեցե՛ք սթափվելուց:

Որպես վերջաբան ներկայացնեմ փոքրիկ հատված 2010-ին լույստեսած իմ «Դժոխքում կորած բանալին» գրքից. «Ես իրոք մի փոքր վախենում եմ: Բայց չեմ հասկանում դա ինչ վախ է, որովհետև այն ինձ վիրուսով է փոխանցվել... ձեզնից եմ վարակվել. բոլորդ վախենում եք բնազդորեն ես էլ եմ վախենում... բայց ինչից ինքս էլ չգիտեմ: Հասել ենք 21-րդ դար, բայց նախամարդն էլի նստած է բոլորիս մեջ. տաբու ենք ման գալիս, որ դիմացը կուչ գանք: Հիմարի մեկը տձև փայտի մի կտոր դնում է բարձր տեղ ու հրամայում «վախեցեք և բոլորս ոչխարի հոտի պես ենթարկվում ենք:

Բայց բավական է մեկը բացատրություն պահանջի, մի քանիսն էլ նրան միանան ու միանգամից էդ հիմարն էլ կվերանա, իր փայտի կտորն էլ... Ախր ո՞նց չեք հասկանում, որ նրանց դիրքը ծիծաղելիության աստիճան խախուտ է, փչես կընկնեն... բայց աբսուրդն էլ հենց այն է, որ ոչխարային մի անբացատրելի վախ շունչդ ներսում է պահում: Ես ոչ մեկին թույլ չե՞մ տա սնուցել ու մեծացնել իմ փոքրիկ վախին...»:

Լիա Իվանյան

Գրող, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ