26  02  2020

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետը մեկնել է Թեհրան

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետը մեկնել է Թեհրան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի: Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն: Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»: Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Հայաստանին սահմանակից Իրանում պաշտոնական տվյալներով նոր անհայտ տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների 95 դեպք է հայտնաբերվել, որոնցից 16-ն ավարտվել է մահացությամբ: Երկրում վիրուսի տարածման ֆոնին՝ ՀՀ-ն ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ