14  01  2020

Ծննդատները փակելու որոշում է կայացրել նախկին հարկային ոստիկանը․ Սամսոնյան

Ծննդատները փակելու որոշում է կայացրել նախկին հարկային ոստիկանը․ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջին օրերի ամենակարևոր իրադարձության՝ մարզային ծննդատների փակման մասին:

Առողջապահության նախարարությունը հանդես եկավ «պարզաբանումներով», թե ինչու է փակում 9 մարզային ծննդատուն: Փաստարկներն անգամ հպանցիկ քննադատության նույնիսկ չեն դիմանում, սակայն հարցն այլ է:

Պարզվում է՝ Առողջապահության նախարարությունում պետական պատվերի հարցերի քննարկման հանձնաժողովի նախագահը այն նույն Արտյոմ Սմբատյանն է, որին կառավարման անհրաժեշտ փորձառություն և ստաժ չունենալու համար չկարողացան դարձնել նախարարության գլխավոր քարտուղարը և որը փաստացի 9 ամիս ապօրինի զբաղեցրել էր այդ պաշտոնը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Արտյոմ Սմբատյանն իր գրառմամբ, ըստ էության խոստովանեց, որ մարզային ծննդատները փակելու որոշումը ինքն է կայացրել՝ որպես պետպատվերի հանձնաժողովի նախագահ: Փաստացի, նոր Հայաստանում մարզային ծննդատները փակելու որոշում կարող է կայացնել մի նախկին հարկային ոստիկան, որը երբևիցե առողջապահության ոլորտում չի աշխատել, թյուր պատկերացում ունի մարզային բժշկության զարգացման ռազմավարական կարևորության և դա անելու ուղիների մասին:

Իսկ ի՞նչ էինք սպասում մի նախարարությունից, որի ղեկավար կազմում գեթ մեկ բժշկական մասնագիտություն ունեցող չկա, գեթ մեկ սպիտակ խալաթ հագած ու հիվանդ բուժած մարդ չկա:

Կհասկանա՞ն արդյոք հանրային առողջության մասնագետը, տնտեսագետն ու իրավաբանը մարզում աշխատող բժշկի բեռն ու պատասխանատվության չափը: Իհարկե՝ ոչ: Իսկ եթե՝ ոչ, ինչպե՞ս պետք է մարզային առողջապահություն զարգացնեն: Այնպես, ինչպես հիմա են անում՝ մարզային հիվանդանոցներ փակելով:Տղերք, մի արեք այդպես: Դա չէ ճիշտ ուղին: Մի քանդեք տարիներով կառուցածն ու կայացրածը: Վաղը մարալիկցին ու աչաջուրցին ձեր հետևից գալու են ու պատասխաններ պահանջեն: Ընդունեք, որ առողջապահությունը ձեր խելքի բանը չի ու գնացեք հարկեր հավաքելու ու ՀԴՄ կտրոն չխփող բռնելու: Ինը համայնքի բնակչի ձեզ թշնամի մի դարձրեք:

Մարալիկի ծննդատան բժիշկները, որոնք այս օրերին, առանց ֆինանսավորման շարունակում են ծնունդներ ընդունել և հղիներ սպասարկել, մեծագույն հարգանքի են արժանի: Երևի նրանք ավելի լավ գիտեն ինչպես մարզային առողջապահություն զարգացնել, քան Արսեն Թորոսյանն ու իր ապաշնորհ թիմը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ