29  04  2015

Հուլիսի 1-ից շաքարախտի բուժման ֆրանսիական դեղորայք կլինի

Հուլիսի 1-ից շաքարախտի բուժման ֆրանսիական դեղորայք կլինի

Ապրիլի 29-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ դեղորայքի մասին օրենքում դեղերի ներմուծման, բաշխման ամբողջ շղթան ներգրավված է: Դիտարկմանը, թե՝ շաքարախտի բուժման համար նախընտրություն է տրվում ոչ թե ֆրանսիական, այլ՝ պակաս որակյալ հնդկական դեղորայքին, նախարարը պատասխանեց, որ շաքարախտը մահացության պատճառների երրորդ տեղում է, ուստի չի կարող վրիպել իրենց ուշադրությունից: «Հիվանդները դեղորայքի երկու խումբ են ստանում՝ ինսուլին՝ ներարկիչներով, և հաբեր: Ընդհանուր առմամբ 70 000 մարդու մասին է խոսքը, նրանցից 13 հազարը ինսուլինով է բուժվում: Մենք բուժհաստատությունները 100 տոկոսով ապահովում ենք ամենաբարձր որակի եվրոպական արտադրության ինսուլինով, 3 ամսվա պաշար ապահոված է»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ 5 տարվա պայմանագիր է կնքված, որով աննախադեպ պայմաններ են առաջարկվում. առանց միջնորդի՝ ուղիղ արտադրողից, ձեռք են բերում ինսուլինն ու դեղերը: Մուրադյանն ընդգծեց, որ հնդկական դեղորայքը մրցույթն անցավ, հինգ տարվա պայմանագրով կարողացան 118-ի փոխարեն վերցնել 36 դրամով, 10 տոկոսը հումանիտար ճանապարհով ստանալ: Նա նշեց, որ միայն առաջին տարվա կտրվածքով կարողացան 71 մլնի խնայողություն անել: Նախարարը նաև տեղեկացրեց՝ եղած դեղաքանակը մինչև առաջին կիսամյակի վերջ կբավարարի, հետո ներմուծվող նոր տեսակի ֆրանսիական դեղորայքը կկարողանան բաշխել պոլիկլինիկաներում: Այն հասանելի կլինի հուլիսի 1-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ