21 03 2018

Առողջապահության նախարարությունը հերքում է

Առողջապահության նախարարությունը հերքում է

ՀՀ առողջապահության նախարարությունը նշում է. «Առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։

Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։

«European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:

Համաձայն դրանց Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում` 89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում` 90.4 և 165.2:

Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ