19  10  2017

Առողջապահության նախարարությունում միաժամանակ և օպտիմալացում է, և ընդլայնում



«Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպվում են:

Նման որոշում կայացրեց կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում:

Պատճառը ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությունն է:

Այս հիմնարկն իրկանացնում է բժշկական օգնություն և սպասարկում, բժշկական փորձաքննություն՝ տալով համապատասխան վերջնական եզրակացություն, գիտական, գիտաբժշկական, կլինիկական, հիգիենիկ և փորձարարական հետազոտությունների իրականացում:

Վերջին տարիներին, Ընկերության գործունեության արդյունավետության նվազում է նկատվում, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային   անհարմարավետ պայմաններով:

Ընկերության 2016 թվականի եկամուտնը կազմել է 13.515.000 դրամ, իսկ ծախսերը՝ 12.188.000 դրամ, իսկ ըստ 2017 թվականի նախահաշվի՝ եկամուտները կազմել է 13.270.000 դրամ, իսկ ծախսերը՝ 13.250.000 դրամ:

Նախատեսվում է, որ միացման արդյունքում մասնագիտական հիվանդությունների ախտորոշումը և համապատասխան վերջնական եզրակացություն տալու գործառույթը կիրականացվեն ժամանակակից բժշկակագիտությանը համապատասխան` օգտագործելով ազգային ինստիտուտի մասնագիտական ներուժը: Ակնկալվում է կադրային երիտասարդացում` ի հաշիվ ազգային ինստիտուտի կադրային բազայի:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առողջապահության նախարարության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական բաժինները միավորվում են՝ ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն, արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպվում է միջազգային հարաբերությունների վարչության: Ինչպես նաև ստեղծվում է քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին:

Նախարարության պետական առողջապահական գործակալությունում լուծարվում է բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժինը, տարածքային մարմինները: Ստեղծվում է ֆինանսավորման ապահովման բաժին, էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվությունների ամփոփման բաժին: Տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը վերանվանվում է առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժին, փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժինը վերանվանվում է պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժին: Վերահսկողության բաժինը և բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժինը դառնումէ  երկու բաժին՝ փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 1 և փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 2 բաժինները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ