17  10  2017

Հիվանդությունների երիտասարդացման խնդիր կա. Լևոն Ալթունյան

Հիվանդությունների երիտասարդացման խնդիր կա. Լևոն Ալթունյան

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» չորրորդ տարեկան գիտաժողովը հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում համախմբել էր մոտ հինգ հարյուր բժիշկների՝Հայաստանից ու արտերկրից: Գիտաժողովի օրակարգում հինգ տարբեր ուղղություններ էին՝ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժություն, ներքին հիվանդություններ, կնոջ և տղամարդու առողջություն, ակնաբուժություն, մանկաբուժություն և ուռուցքաբանութուն: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց գիտաժողովը՝ իբրև բժիշկներին միավորող իրադարձություն, որ թույլ է տալիս խոսել հիվանդի, նրան վարելու և բուժման մեթոդների մասին:

Նախարարը խոսեց Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին, նշեց, որ ՌԴ հարավային շրջաններից մեծ թվով մարդկանց գրավում է ՀՀ առողջապահական համակարգը: Ալթունյանի խոսքով՝ մեր երկրում, ինչպես և ողջ աշխարհում, հիվանդությունների երիտասարդացման խնդիր կա, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդությունների:

ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն իբրև մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի խնդիր առանձնացրեց նաև բնակչության անվստահությունը բժշկության և ներդրվող նորամուծությունների նկատմամբ: Նա վստահեցրեց՝ դեպքերի մեծամասնության, ավելի կոնկրետ՝ 70 և ավելի տոկոս դեպքերում, վաղ ախտորոշման պայմաններում քաղցկեղը հնարավոր է բուժել մեր երկրում առկա հնարավորությունների պայմաններում:

Գիտաժողովի մասնակիցներից մանկաբույժ Հովհաննես Ղազարյանը մեկ տարի պայմանագրով աշխատել և դասավանդել է Սաուդյան Արաբիայում: Նա նշեց, որ Սաուդյան Արաբիա մեկնելիս պատրաստվում էր տեսնել հետամնաց մի երկիր՝ ոչ այնքան զարգացած հնարավորություններով, բայց հակառակին ականատես եղավ: Ղազարյանը կարևորեց բժիշկների դասակարգումը, նշեց, որ Սաուդյան Արաբիայում յուրաքանչյուր բժիշկ ունի իր կարգավիճակը, աշխատանքի բաժանում է կատարված, յուրաքանչյուր բժիշկ գիտե իր անելիքների չափը, սահմանները, պատասխանատվությունը, պարտականությունները. դրանով է որոշվում բժշկի աշխատավարձը, ծանրաբեռնվածությունը: Ղազարյանի համոզմամբ՝ մեր երկրում ևս նման դասակարգման անհրաժեշտություն կա: Նա կարևորեց գիտաժողովը՝ իբրև գիտելիք ստանալու կարևորագույն աղբյուր, տարբեր բժիշկների հանդիպման շնորհիվ գիտելիքների կատարելագործման հնարավորություն:

Հեռահար բժշկության մասնագետ Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց որոշակի հեռավորության վրա կատարվող բժշկության մասին, նշեց, որ այս մեթոդը հատկապես գործուն է, երբ հիվանդությունը վիզուալ է: Հովհաննիսյանի խոսքով՝ հեռահար բժշկության շնորհիվ ապահովվում է տարբեր բուժհաստատությունների բժիշկ-մասնագետների միջեւ կապը: Նրա համոզմամբ՝ բժշկության այս ճյուղը միտված է հիվանդի հոգսը թեթևացնելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ