11  09  2017

«Արմենիկում»-ը բուժո՞ւմ է ՁԻԱՀ-ը, թե՞ ոչ. հարց՝ Սերգեյ Խաչատրյանին ԱԺ-ում

«Արմենիկում»-ը բուժո՞ւմ է ՁԻԱՀ-ը, թե՞ ոչ. հարց՝ Սերգեյ Խաչատրյանին ԱԺ-ում

Շարունակվում է վեցերորդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանը: Խորհրդարանը քննարկում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Արմենիկում» դեղամիջոցը չի բուժում ՁԻԱՀ–ը, բայց ամրացնում է իմունիտետը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։

Փաշինյանը հիշեցրեց, որ 1990-ականների վերջին դեղը մեծ աղմուկ էր հանել, քանի որ ՀՀ իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ արեցին, թե դեղամիջոցը բուժում է ՁԻԱՀ–ը։ Սակայն այդ դեպքում արտասահմանում ՀՀ դեսպանատան դռները կջարդեին՝ Հայաստան գալու եւ այստեղ բուժվելու երազանքով։ Իրականում ՁԻԱՀ–ով հիվանդներին Հայաստանը քիչ է հետաքրքրում։

Փոխնախարարը, դրան ի պատասխան, ասաց, որ դեղամիջոցը ուժեղ իմունախթանիչ է և հենց այդ պատճառով էլ համապատասխանում է ՁԻԱՀ–ով հիվանդների թերապիայի համար։ Այն օգտագործվում է որպես օժանդակ միջոց։ Արդեն 7 երկրներում դեղամիջոցը գրանցվել է որպես իմունախթանիչ։ Որպես ՁԻԱՀ–ի դեղամիջոց այն չի ճանաչվել, քանի որ 1998–ին կլինիկական հավուր պատշաճի փորձեր չեն կատարվել։

Հարցին, թե ինչն էր խանգարում նոր հետազոտություններ անցկացնել այս 20 տարիների ընթացքում, Խաչատրյանը չպատասխանեց։

Նշենք, որ 1988-ից Հայաստանում ՁԻԱՀ–ից մահացել է 625 մարդ, որոնցից 10-ը՝ երեխաներ։ Այս տարիներին գրանցվել է ՄԻԱՎ–ի վարակման 2796 և ՁԻԱՀ–ի 1430 դեպք։ Ընդհանուր առմամբ հաշվառման է վերցվել ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ–ով հիվանդ 1982 հիվանդ։ Ընդ որում, ՄԱԿ–ը Հայաստանը համարում է վարակը մորից երեխային փոխանցելը բացառելու առումով ամենաբարեկեցիկ երկրներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ