07  09  2017

Բժշկական հաստատություն է փակվում



«Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպվում են:

Այս մասին հաստատեց Հայաստանի կառավարությունը՝ սեպտեմբերի 7-ի նիստում:

Համաձայն կառավարության հիմնավորման, որոշումը պայմանավորված է գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Այս երկու հաստատությունների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են, այսպես՝ Ինստիտուտի մանրէաբանության, ախտահանության և վարակազերծման, ինչպես նաև համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիաների գործառույթներն իրականացվում են ՀՎԿԱԿ-ի մանրէաբանության լաբորատորիայի կողմից, վիրուսային վարակների լաբորատորիայինը՝ ՀՎԿԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիայի, իսկ մակաբուծաբանության լաբորատորիայինը՝ համապատասխանաբար մակաբուծաբանական լաբորատորիայի կողմից՝ միջազգային մոտեցումներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է գիտական ծրագրերի, իսկ ՀՎԿԱԿ-ը՝ կիրառական-գիտական և գործնական ծրագրերի գործադրմամբ՝ մանրէային, վիրուսային և մակաբուծային ծագման վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, ախտորոշման և կանխարգելման, ինչպես նաև այդ հիվանությունների դեմ պայքարի ոլորտներում, ապա արդյունավետ կլինի Ինստիտուտի գործառույթների միավորումը ՀՎԿԱԿ-ի գործառույթների հետ և գիտական ծրագրերի իրականացումը ՀՎԿԱԿ-ի արդիականացված լաբորատորիաներում:

ՀՎԿԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում գործում է նաև Ռեսուրս գիտա-ուսումնական բաժինը, որը զբաղվում է գործող բուժանձնակազմի գործնական հարցերով շարունակական կրթության ապահովմամբ, ինչպես նաև նրանց գիտական հետազոտությունների կազմակերպմամբ և իրականացման աջակցությամբ: Ինստիտուտի անձնակազմն իր ներուժը ևս կարող է օգտագործել այս ոլորտում:

Նշենք, որ հիվանդանոցների օպտիմալացման որոշում կառավարությունը կայացրեց նաև օգոստոսի 3-ի նիստում:

Նշենք, որ Yerevan.Today-ը «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպտիմալացման անհրաժեշտությանը անդրադարձել էր դեռ 2016-ի ամռանը՝ «Ուռճացված կառավարություն» նախագծով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ